Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում ՀՀ–ի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը. Կոպիրկին

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանն իր դերն ունի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և կամուրջ է Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը շատ լավ է հասկանում, թե Հայաստանի համար որքան կարևոր են Իրանի հետ հարաբերությունները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Հարևան երկրի իշխանությունը որոշել է բարձրացնել բենզինի գինը, և վերջին օրերին այնտեղ բողոքի ակցիաներ են ընթանում։

«Հայաստանի համար Իրանը շատ կարևոր գործընկեր է։ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ Հայաստանը զարգացնում է հարաբերություններն Իրանի հետ ու այդ հարաբերությունների զարգացման նոր ուղիներ է փնտրում»,– ասաց դիվանագետը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը կամուրջ է Իրանի ու Եվրասիական տնտեսական միության միջև և դրանով իր դերն ունի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում։

Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը

Դեսպանն այս համատեքստում հիշեցրեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցել է Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

Նշենք` ցույցերն Իրանում սկսվել են վառելիքի նոր պայմանների ներդրումից հետո։ Այդ կանոնների համաձայն` ամեն մեքենայի թույլատրվում է գնել ամսական 60 լիտր բենզին` մեկ լիտրի դիմաց վճարելով 15 000 ռիալ (0,36 դոլար)։ Յուրաքանչյուր լրացուցիչ լիտրն արժենալու է 30 000 ռիալ (0,71 դոլար)։

Նախկինում վարորդներին թույլատրվում էր գնել մինչև 250 լիտր` մեկ լիտրը 10000 ռիալով (0,24 դոլար)։

Թեև ցույցերը զուտ սոցիալական ու տնտեսական բնույթ ունեն, արևմտյան ու արաբական լրատվամիջոցներից շատերը հասկանալի պատճառներով փորձում են դրանք քաղաքական երանգ հաղորդել։