ՀՖՖ–ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանին` ավագի թևկապից զրկելու կարծիքը. Վանեցյան

Վանեցյանի կարծիքով` Հենրիխ Մխիթարյանն իր նվիրումով ապացուցել է, որ արժանի է կրել մեր ազգային հավաքականի ավագի թևկապը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մեսրոպ Առաքելյանի` Հենրիխ Մխիթարյանի մասին արած հայտարարությունը բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, ՀՖՖ–ն չի կիսում նրա կարծիքը, այլ դատապարտում է նման հայտարարությունները։

Այս մասին այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդեն հրաժարական ներկայացրած ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

Նշենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի անկախ կոմիտեներից մեկի նախագահը` Մեսրոպ Առաքելյանը, ասել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանել ավագի թևկապը։

«Մեսրոպ Առաքելյանն արել է անհեթեթ հայտարարություն։ Ուզում եմ նշել, որ Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես կասեի` լավագույնը։ Նա ոչ միայն ֆուտբոլիստ է, այլ հայ ժողովրդի ու Հայաստանի դեսպանն է ողջ աշխարհում։ Ֆուտբոլին իր նվիրումով նա ապացուցել է, որ արժանի է կրել մեր ազգային հավաքականի ավագի թևկապը»,–ասաց Վանեցյանը։

Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր

Հիշեցնենք` այսօր կայացավ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց` նշելով, որ բարոյական պատասխանատվություն է կրում հավաքականի վերջին` խայտառակ պարտության համար։

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

Հիշեցնենք նաև, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է նշանակվել 2018թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Այդ ժամանակ նա նաև ՀՀ ԱԱԾ տնօրենն էր։