Ժամանակ առ ժամանակ թե՛ մամուլում, թե՛ հայ հասարակության շրջանում ակտիվանում են խոսակցությունները, թե իր հրաժարականի դիմումում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ» ասելով ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը։ Երեկ ևս այդ սպասելիքները գլուխ բարձրացրին։ Այս մասին Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Սպասելիքները ձևավորվել են ամենաինտրիգային ֆրազայի շուրջ, այն է՝ «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալ»: Համենայնդեպս, Զագրեբում ուղղակի պատասխան չեղավ, թե դա ինչ էր նշանակում և ինչից էր բխում այդ ֆրազայի հայտնվելը հրաժարականի դիմումում, թեև մյուս կողմից զագրեբյան հարթակը ներքին քաղաքական ինտրիգի բացահայտման տեղ չէր»,- նշեց նա:
Հակոբյանի խոսքով` Սարգսյանի ելույթը քաղաքական գործընթացի մի հատվածն էր, որն առնչվում է նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալուն: Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ երրորդ նախագահը երբեք քաղաքականությունից դուրս չի եկել, պարզապես վերջին շրջանում նրա գործունեությունը զգալիորեն ակտիվացել է:
«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան
«Պատեհ առիթ էր ստեղծվել ԵԺԿ-ի հարթակում արձանագրել վերադարձը նաև արտաքին քաղաքական ասպարեզ: Թեև ելույթը շատ կարճ էր, սակայն Սերժ Սարգսյանը փորձեց մի քանի կարևոր մեսիջներ հղել առայժմ արտաքին լսարանին, թեև այդ մեսիջները մեր ներքին լսարանի համար նույնպես ունեին հետաքրքիր երանգներ»,- ասաց Հակոբյանը:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ որևէ շփում չի ունեցել. 3–րդ նախագահի գրասենյակ
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ԵԺԿ համագումարին մասնակցելու հրավերը վկայում է այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահի կշիռը դեռ պահպանվում է: Թերևս, ամենակարևոր մեսիջն այն էր, որ, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, Հայաստանում տեղի ունեցած թավշյա, անարյուն հեղափոխությունը տեղի է ունեցել իր կամքով և ցանկությամբ: Այդպիսով` երրորդ նախագահն, ըստ Հակոբյանի, փորձում է իրեն վերագրել այդ ամենի դափնիները: