ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է տիեզերական տարածքն իր գործունեության ոլորտներից մեկը հայտարարել։
Համապատասխան հայտարարությունը հնչել է Բրյուսելում կայացած ասուլիսում` ՆԱՏՕ–ի անդամ–երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից առաջ։ Ելույթի հեռարձակումը հրապարակվել է Twitter–ում։
Դաշինքի ղեկավարի կարծիքով` տիեզերական տարածքն օպերատիվ ոլորտ ճանաչելը կօգնի կապի միջոցների, նավիգացիայի և վաղաժամ իրազեկման համակարգի զարգացմանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հարձակողական զենքի տեղակայում տիեզերքում չի նախատեսվում։
Դաշինքի ղեկավարության նման հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, Sputnik ռադիոյի եթերում նշել է Պաշտպանության գծով պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։
«Ստոլտենբերգի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում և ակնհայտ ագրեսիվ, դեստրուկտիվ գործողություններ ենթադրում այլ պետությունների նկատմամբ... Դաշինքը` որպես ռազմական կազմակերպություն, տիեզերքի ռազմականացում է ենթադրում, և ՆԱՏՕ–ի երկրները բազմաթիվ փորձեր են ձեռնարկելու։ Իմ կարծիքով` դա կարող է միջազգային հանրությանը աղետի հանգեցնել», – իր կարծիքն է հայտնել Շվիտկինը։
Ի՞նչ խնդիր են լուծում ռուսական «Պանցիրն» ու «Իսկանդերը». հայ-սերբական ընդհանրություններ
Նրա խոսքով` Ռուսաստանը պետք է համապատասխան ջանքեր գործադրի` թույլ չտալու համար, որ ՆԱՏՕ–ն ռազմականացնի տիեզերքը։
«Պատասխանը պետք է լինի հայելային, բայց միևնույն ժամանակ չպետք է թույլ տա մեր երկրին ներքաշել տիեզերքում սպառազինության մրցավազքի մեջ», – ասել է Շվիտկինը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի սկզբին Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն «ամբողջությամբ կորցրել է հավասարակշռությունը դաշնակիցների միջև, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»»։
Այս արտահայտությունը քննադատել էր ինչպես Յենս Ստոլտենբերգը, այնպես էլ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։ Նրանք հայտարարել էին, որ համաձայն չեն Մակրոնի` ՆԱՏՕ–ի վերաբերյալ կտրուկ գնահատականների հետ։
Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հայտնել էր, որ Ռուսաստանը մասնակցում է միջին և փոքր հեռահարության հրթիռների մշակմանը` որպես հայելային պատասխան ԱՄՆ գործողություններին։
Միևնույն ժամանակ հրթիռային ոլորտում գլոբալ առումով կանխատեսելիություն պահպանելու համար Ռուսաստանը ոչ մի վայրում չի տեղակայի ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներն այնքան ժամանակ, մինչև դրանք չհայտնվեն այս կամ այն տարածաշրջանում։
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները