ՌԱԴԻՈ

Պարսյան. «Մենք պետք է վարենք բարձր աշխատավարձի քաղաքականություն»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի բարձրացման որոշմանը։
Sputnik
Պարսյան. «Մենք պետք է վարենք բարձր աշխատավարձի քաղաքականություն»

Տնտեսագետը նշում է, որ նախորդ և ներկա կառավարությունների նեոլիբերալ ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը չպետք է բարձրացնել, քանի որ դա կարող է մեծ հարված հասցնել մասնավոր բիզնեսին:

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ նրանք տարբեր պատրվակներով ձգձգում էին նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ, ուստի պետք է ողջունել 55 հազարի փոխարեն 68 հազար դրամ սահմանելը, քանի որ դա կդառնա մեր տնտեսության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար կարևոր խթան, որպեսզի քայլերն ուղղվեն արդյունավետության բարձրացմանը:

Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

Տարիներ շարունակ, ըստ տնտեսագետի, մանր ու միջին և խոշոր բիզնեսն իրենց անարդյունավետ տնտեսական քաղաքականությունն իրականացրել են ի հաշիվ իրենց աշխատողների ցածր աշխատավարձի: Այս առումով տեղի է ունեցել հիմնարար փոփոխություն: Ընդհանուր տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել։

«Մենք պետք է վարենք բարձր աշխատավարձի քաղաքականություն, և մեր երկրի տնտեսական առավելությունը չպետք է լինի ցածր աշխատավարձը, հետևաբար, կառավարության որոշումը կարևոր է ու պատմական: Շատ կարևոր է նաև, որ առաջին անգամ մեր նվազագույն ամսական աշխատավարձը հավասարվել է նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ինչը նշանակալի թիրախ է երկրում սոցիալական արդարություն հաստատելու համար»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Միաժամանակ, ըստ տնտեսագետի, 68 հազարը, որն արդեն սահմանվել է, իր հերթին ստեղծում է որոշ ռիսկեր: «Առաջին՝ փոքր ու միջին բիզնեսի համար սա լրացուցիչ ծախս է, որը պետությունը պետք է այս կամ այն ծրագրով փոխհատուցի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսն իր արտադրությանն ուղղված սարքավորումներ, տեխնիկա ու տեխնոլոգիաներ ձեռք բերի: Պետք է աջակցի, սուբսիդավորի այս ոլորտի արտադրողականության աճը, բայց, ցավոք, այս ուղղությամբ տեսանելի քայլեր չկան»,–ասում է  տնտեսագետը:

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում

Երկրորդ ռիսկը, ըստ նրա, կապված է 68 հազարի գնողականության հետ: 2020թ.-ի բյուջեով նախատեսված է, որ գնաճը լինելու է 4,5 տոկոս: Դա տեղի չպետք է ունենա ի հաշիվ առաջին անհրաժեշտության 25 ապրանքների գների աճի, որոնք ներառված են սպառողական զամբյուղի մեջ: Հակառակ դեպքում աղքատության ցուցանիշն ավելի կվատանա:

Հիշեցնենք, որ 2020թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանումկբարձրանա 13 000 դրամով` ներկայիս 55 000–ի փոխարեն դառնալով 68 000 դրամ։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` նվազագույն աշխատավարձի փոփոխությունը կազդի 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների վրա։ Իսկ պետբյուջեի համար դա ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս կլինի։