ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին քրեական հեղինակությունների հետ խնջույքների էր մասնակցում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Երեկ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, նախատեսվում է քրեականացնել քրեական մշակույթ ստեղծելը, ղեկավարելը, ինչպես նաև քրեական միջավայրին հարելը, հարելուն հարկադրելը և քրեական բարձրագույն աստիճանակարգություն ունեցող անձին դիմելը:
«Եթե պետությունը թույլ չլինի և քրեական ենթամշակույթի նկատմամբ հանդուրժող չլինի, այն չի տարածվի։ Սակայն մենք նախկինում բազմիցս տեսել ենք, որ տարբեր պետական անձինք ընդհանուր խնջույքների ժամանակ քրեական հեղինակությունների հետ էին լինում։ Ես առնվազն մեկ տեսանյութ եմ հիշում, որտեղ երևում է` ինչպես է Սերժ Սարգսյանը նման մի խնջույքի մասնակցում»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` քրեական ենթամշակույթն այն պարարտ հողն է, որի հիման վրա էլ տարբեր հանցագործություններ են ծնվում։
Հիշեցնենք` օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելով, ասել էր, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց ենթարկել պատասխանատվության։
«ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ». Վարդան Ղուկասյան