ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Դատարանն արձանագրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ Բաբայանի պաշտպանների բողոքի որոշումը։
Ի՞նչ գործունեություն կծավալի Արսեն Բաբայանը և հանուն ինչի՞. նա խոսեց ապագա պլաններից
«Դատարանը հիմնավոր է համարել պաշտպանական կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները` սկսած հիմնավոր կասկածի բացակայությունից, ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամկետների խախտումից, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից` մինչև կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայություն»,–գրել է Վարոսյանը։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն այժմ ազատության մեջ է, դատարանը ֆորմալ առումով որոշել է մերժել ներկայացրած բողոքը։
Վարոսյանը նշել է, որ որոշման տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո կորոշեն` արդյո՞ք այն բավարարում է ողջ ծավալով, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։
Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակելը)։
Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Նա ազատ էր արձակվել հոկտեմբերի 12–ին և նրա համար «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել։