ՌԱԴԻՈ

Նալբանդյան. «Գազի անվտանգության համակարգերը ամսական ընդամենը 25 դրամի հոսանք են ծախսում»

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շմոլ գազի հետևանքով թունավորման դեպքերին, ինչպես նաև ձայնանշանային անվտանգության համակարգերի անխափան աշխատանքի անհրաժեշտությանը:
Sputnik
Նալբանդյան. «Գազի անվտանգության համակարգերը ամսական ընդամենը 25 դրամի հոսանք են ծախսում»

Գազի ներտնային սպասարկման ձայնանշանային անվտանգության համակարգերի շուրջօրյա և անխափան աշխատանքը պարտադիր գործոն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս մեկ անգամ հիշեցրեց «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը։

Եթե սարքը միացած լիներ, հնարավոր կլիներ մահից խուսափել. Նոր Հաճնի ողբերգության հետքերով

Մասնագետը նշեց, որ որոշ դեպքերում դժբախտությունների պատճառ հանդիսացող շմոլ գազն անգույն է, հոտ չունի և անզեն աչքով հնարավոր չէ տեսնել կամ զգալ: Այն առաջանում է գազի թերայրումից, մինչդեռ այրման համար հարկավոր է գազ և թթվածին, մաքուր օդ: Շմոլ գազն առաջանում է թթվածնի պակասի դեպքում: 

«Գազի թերայրում է առաջանում օրինակ` գազօջախի այրիչները երկար ժամանակ միացրած թողնելու դեպքում. երբ սենյակը չի օդափոխվում, թթվածինը վերցնում է ներսից ու կատարվում է մաքուր այրում: Բնականաբար, թթվածինը կամաց-կամաց պակասում է, առաջանում է թթվածնային քաղց և արտադրվում է բավականին թունավոր շմոլ գազ: Շմոլ գազի 60 տոկոսի արտանետման դեպքում մարդը մի քանի րոպեում մահացու թունավորվում է»,- ասաց Նալբանդյանը:

Շմոլ գազից մահացած երեխաների հայրը նրանց 2 տարի առաջ էր տեսել. նա չի կարողանում ուշքի գալ

Մասնագետի պնդմամբ՝ ձայնանշանային անվտանգության համակարգերը պետք է միշտ միացված լինեն էլեկտրականությանը:

«Բաժանորդների մոտ թյուր կարծիք կա, որ այդ սարքերը  շատ էլեկտրաէներգիա են ծախսում, դրա համար էլ պարբերաբար անջատում են, բայց իրականում տարեկան ծախսը կազմում է 200-300 դրամ, ամսական՝ 25 դրամ»,- ընդգծեց Նալբանդյանը: 

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

Նրա խոսքով` ձայնանշանային անվտանգության սարքերն արձագանքում են երեք՝ մեթան գազի միավոր մակերեսում 1 տոկոսի չափով լցված լինելու, շմոլ գազի 0,01 տոկոսի և բարձր ջերմաստիճանի (70 աստիճան և բարձր) դեպքում: Նման դեպքերում սարքն իմպուլսներ է հաղորդում ավտոմատ անջատիչ կափույրին՝ արգելափակելով գազի հոսքը դեպի բնակարան: 

Մասնագետը կրկին հորդորում է անվտանգության սարքերը 24 ժամ շարունակ միացած պահել, ինչը հնարավորություն կտա դժբախտ պատահարներից խուսափել։