ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Global IT Award մրցանակն այս տարի կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Տակեո Կանադեն Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսության հեղինակը (1981 թվականին տեսություն է ստեղծել այն մասին, թե ինչպես մեկ նկարից վերականգնել եռաչափ ձևը): Նրան է պատկանում նաև «Վիրտուալ իրականություն» հասկացությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ այդ մրցանակը յուրահատուկ պատիվ է Հայաստանի համար. երկիրը մեծացնում է իր ճանաչելիությունը ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայում։
Global IT Award–ի այս տարվա հաղթողը Հայաստան կգա դեկտեմբերի 3-ին։
Նշենք, որ 2009 թվականի հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի (Համաշխարհային ՏՏ մրցանակ) հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը:
Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:
Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում
Սկսած 2009 թվականից` մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:
2018 թվականից այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի մեդալը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծն է, որը վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը և իմաստությունը։ Առյուծը տեղադրված է Տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա։ Մրցանակը ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց։ Օպտիկական ապակու վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր։ Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետի նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:
Տարբեր տարիների Global IT Award-ի միջազգային մրցանակի դափնեկիր են դարձել Intel-ի նախկին տնօրեն Քրեյգ Բարեթը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, առաջին կոմերցիոն միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi-ի նախկին տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco-ի զարգացման գծով տնօրեն Նարիո Մացոլան, հակավիրուսների մշակող Եվգենի Կասպերսկին, ինտերնետի առաջին հետազոտողներից Լուի Պուզենը, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը, National Instruments կորպորացիայի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը:
ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում