Չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման փոխարեն չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է բոլորովին նոր գործարան կառուցելու շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման շուրջ բանակցությունները չինական ընկերության հետ շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներն ու պոչանքները լցվել են հարևան գյուղեր

«Չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, պլանավորում է այց` Հայաստան։ Կարծում եմ` այդ այցի շրջանակում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը։ Ընդհանուր առմամբ, պղնձաձուլական նոր կոմպլեքսի կառուցումը մեր օրակարգում է»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչատեը շեշտեց, որ Ալավերդու պղնձաձուլարանը էկոլոգիական տեսակետից շատ խնդրահարույց է ու ոչ արդյունավետ, ուստի չինական կողմի հետ բանակցության առարկան շատ քիչ կապ ունի Ալավերդու գործարանի հետ։

«Այնպես որ, կարծում եմ` մենք այս հարցը դեռ կքննարկենք ապագայում»,– ասաց Ավինյանը։

«Վալլեքսը» երկարաձգեց Ալավերդու գործարանի աշխատակիցների պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի հոկտեմբերին ստուգումներ էր անցկացրել գործարանում ու պահանջել էր կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Մինչդեռ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։

Պղնձամոլիբդենայինի ավելի քան 1000 աշխատակցի աշխատավարձերը սխալ է հաշվարկվել. Խաչատրյան

Վարկային պարտավորությունների դիմաց գործարանն անցյալ տարի գրավադրվել էր ՎՏԲ բանկում։ Չնայած այդ հանգամանքին, «Վալլեքս» ընկերությունը շարունակում է հայտարարել, որ չինական կառավարության և տեղի հզոր արդյունաբերական ընկերությունների հետ Ալավերդիում  նոր, առանց արտանետումների գործարան կառուցելու պայմանավորվածություն կա։

2019թ.–ի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Շահազիզյան. «Զարգացնենք հանքարդյունաբերությունը, բայց մտածենք նաև շրջակա միջավայրի մասին»

Ավելի ուշ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը գործարանում արտադրության վերսկսման հայեցակարգային պլան էր մշակել, որը ներկայացրել է ՀՀ կառավարության ու շահագրգիռ հանրության քննարկմանը։

Հոկտեմբերի  14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն առայժմ կշարունակի միայն աղացագնդեր արտադրել, քանի որ այդ արտադրությունը բնապահպանական տեսակետից վնասակար չէ։