Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»

Քրեական աստիճանավորման դեմ օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ նիստում։ Արդարադատության նախարարը հայտնեց, որ իշխանությունը մանրամասն տեղեկություն ունի, թե քրեական ենթամշակույթին քանի անձ է հարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Եթե կառավարությանը հաջողվի Հայաստանում վերջ դնել քրեական աստիճանավորման համակարգին, դա դրական կազդի հանրային կյանքի, ընտրական գործընթացի կազմակերպման վրա, որոշ հանցատեսակներ` ավազակություն, գողություն, կնվազեն։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի մասին կառավարության նախագիծը։

«Իրավապահ մարմիններն ունեն մանրամասն տեղեկություններ։ Բնականաբար, դրանք հրապարակման ենթակա չեն, օպերատիվ տեղեկություններ են թե՛ հանրապետությունում առկա, այսպես կոչված, օրենքով գողերի, թե՛ գողերի ազդեցության տակ գտնվող անձանց հնարավոր շրջանակի մասին»,– ասաց նախարարը։

Իսկ քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը, նրա խոսքով, տիրապետում է ՔԿՀ–ներում քրեական աստիճան ունեցող անձանց ու նրանց շրջանակի մասին տվյալներին։

«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

Այդուհանդերձ, Հայաստանում քրեական աստիճանավորման համակարգին կամ քրեական ենթամշակույթի հարողների հստակ թիվ նախարարը հրաժարվեց հայտնել։

«Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար»,- ասաց Բադասյանը:

«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը

Հիշեցնենք` օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելով, ասել էր, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց ենթարկել պատասխանատվության։

ՀՀ կառավարության առաջարկած նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացվեց առաջին ընթերցմամբ։ Նախարարին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 21 պատգամավոր։ Բայց ժամանակի սղության պատճառով հարցի իրավունք ստացան միայն 4-ը։