Հաշվի առնելով ներկայացված բյուջեի նախագծերի ծախսային մասը, թիրախային ոլորտներին ուղղված ֆինանսական հոսքերը, նախանշված խնդիրների լուծման գործիքակազմը` պետության ու մայրաքաղաքի բյուջեները դեֆիցիտային են ու ամենևին էլ հեղափոխական չեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Բյուջեն կընդունվի, կրճատումները` հետո. օպտիմալացումը պետական ապարատում կշարունակվի 2020–ին
Տնտեսագետը, անդրադառնալով արտաքին պարտքի սպասարկման գործընթացին, նշեց, որ առկա միտումների համաձայն՝ սպասվում է նաև արտաքին պարտքի որոշակի աճ:
«ԱԺ մեծամասնությունը բյուջեի նախագիծը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում, առաջընթաց ապահովող, իսկ ընդդիմությունն էլ իր առջև խնդիր է դրել պարզապես ոչնչացնել այդ փաստաթուղթը»,- նշեց նա։
Մարգարյանի դիտարկմամբ՝ բյուջետային նախագծերի շուրջ առճակատումը քաղաքական գործընթացի հետևանք է, ինչը նորմալ երևույթ է, որովհետև մարդիկ պայքարում են ապագա ձայների և ընդհանուր կարկանդակից ինչ-որ պատառ պոկելու համար: Պարզապես մեզանում այս ամենը երևում է ավելի սուր դրսևորումներով: