Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետը հայտնում է, որ շմոլ գազից մահացած երեխաների ընտանիքում հրաշալի հարաբերություններ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոր Հաճնում շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն սոցաջակցության կարիք ունեին, քանի որ ընտանիքի ներսում սիրով հարաբերություններ էին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Հաճնի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել էր 5 քաղաքացու դի: Մահացածները տան բնակիչներն էին` 77-ամյա Ժաննա Սիմոնյանը, 16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն և 14-ամյա Ժաննա Մ.-ն։

«Ողբերգական դեպք է տեղի ունեցել, և այդ երեխաներից երկուսն, այո՛, հաճախել են գիշերօթիկ, սակայն հանգստյան օրերին տուն են գնացել։ Այդ դեպքը կապել գիշերօթիկների փակման հետ` տեղին չէ։ Ի դեպ, ընտանիքն ընդգրկված է եղել մեր աջակցության ծրագրերում, և այսօր հերթական աջակցությունը պետք է նրանց տրամադրվեր»,–ասաց Քալանթարյանը։

Քալանթարյանի խոսքով` այդ ընտանիքում հրաշալի հարաբերություններ են եղել, բարոյահոգեբանական կապ է եղել անդամների միջև. սիրով ընտանիք է եղել։

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրն օդանավակայանում ձերբակալվել է

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am–ը գրել էր` մահացած երեխաների հայրը ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո փորձել է վերադառնալ Հայաստան։ Շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը, ինչի հետևանքով օդանավակայանում ձերբակալվել է։