ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր` նոյեմբերի 18–ին, հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 2 շենքի 10–րդ բնակարանում։ Հրդեհի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բնակիչ Ս.Գ-ն գիտակցության չգալով, մահացել է։ 1934թ.ծնված Գ. Շ-ի վիճակը գնահատվում է բավարար: Ըստ բժիշկների`վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հրդեհի մասին ահազանգը մի քաղաքացուց ծառայությունում ստացվել է այսօր ժամը 11:36-ին։
ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից
Ժամը 11:37–ին ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ– փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման մասի օպերատիվ խումբը:
«Ելնելով իրադրությունից և հրդեհի հնարավոր հետևանքներից, դեպքի վայր են մեկնել Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և հրշեջ ավտոսանդուղքը: Հետագայում դեպքի վայր է ժամանել ևս 1 մարտական հաշվարկ` Շուշիի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև ԱՀ ոստիկանության, շտապ օգնության, «Արցախգազ», «Արցախէներգոյի» համապատասխան ծառայությունները:
Շտապ անջատվել է շենքի գազաէլեկտրամատակարարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին չխոչնդոտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները, իրականացրել հասարակական կարգի պահպանում:
Հրշեջները և փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանել մուտքի բնակիչներին: Ծխապատ շենքից աշխատանքներին աջակցել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիներ: Հրդեհը մեկուսացվել է 13:30-ին:
Հրդեհի բռնկման պատճառը և նյութական վնասի չափը ճշտվում են: