ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիում այսօր մի քանի հազար ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ` պահանջելով համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, բողոքի ակցիայի մասնակիցները շրջափակել են խորհրդարանի շենքը։
Ռուսթավելի պողոտան շարունակում է փակ մնալ: Այնտեղ հինգշաբթի օրվանից վրաններ են տեղակայված, որտեղ ցուցարարները գիշերում են, խարույկներ վառում երկաթե տակառներում: Հանրահավաքի անցկացման վայրում ուժեղացվել է անվտանգության հսկողությունը:
Երկրի ոստիկանությունը հիշեցրել է ցուցարարներին, որ ըստ Վրաստանի հավաքների մասին օրենքի՝ արգելվում է արգելափակել պետական գերատեսչությունների մուտքերն ու խոչընդոտել դրանց գործունեությանը։
«Ոստիկանական ուժերը մոբիլիզացվել են՝ յուրաքանչյուր քաղաքացու ազատ խոսքի արտահայտման իրավունքն ապահովելու և պետական օրգանների աշխատանքն առանց խոչընդոտների ապահովելու համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կպաշտպանի ակցիայի մասնակից յուրաքանչյուր քաղաքացու, եթե ազատության արտահայտումը դուրս չգա օրենքով թույլատրելի սահմաններից», — այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Այս պահին խորհրդարանի տարածքում հավաքված են ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցությունների համախոհներ։
Այս հավաքը կրում է «Բոլորն ընդդեմ մեկի» անունը, այն աննախադեպ է նրանով, որ մի շարքում է հավաքել բոլոր այն ուժերին, որոնք տարիներ շարունակ տարբեր քաղաքական հայացքներ են ունեցել։
«Արդեն 16-րդ տարին է, ինչ մենք կանգնած ենք Ռուսթավելի պողոտայում: Իշխանություններից և ոչ մեկը չի հասկացել, որ չի կարելի Վրաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել: Այսօր մենք հավաքվել ենք, որովհետև իշխանությունը տապալել է համամասնական համակարգի անցնելու սահմանադրական բարեփոխումը: Մեզ դա խոստացել էին, սակայն 5 ամիս անց իշխանությունը փոշմանել է»,- հայտարարել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Անզոր Բիցաձեն:
«Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը պետք է ինտենսիվ շարունակվի». Ջոնի Մելիքյան
Հիշեցնենք, որ Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում մեկնարկել է լայնամասշտաբ հանրահավաք՝ կառավարության հրաժարականի, ժամանակավոր կառավարություն կազմելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լուծարման ու մեծամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջով։