Փնթի կառավարման հետևանքով զբաղվածության ծրագրերը թերակատարել են. տնտեսագետը մեղադրում է

Տնտեսագետն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մեղադրում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական կարգն անտեսելու մեջ։ Նախարարությունը պատասխանում է ցուցանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը ձախողել է սոցիալական ոլորտի բարեփոխումները։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա հաշվարկով` սոցիալական ծրագրերը 2019 թվականի 9 ամիսների կտրվածքով թերակատարվել են 50 տոկոսով, այլ կերպ ասած` տարվա ¾-րդն անցել է, իսկ ծրագրերի կեսը դեռ չի կատարվել։

Իրակա՞ն կրճատումներ գործադիրում, թե՞ շարիկ գլորողներին փոխարինեցին պարգևատրման սիրահարները

«2019թ.–ին հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարևորագույն ծրագրերը 4 անգամ նվազել են։ Առանց խնդիրները հասկանալու, լիարժեք գնահատելու, էլի անունը դնելով կոռուպցիայի դեմ պայքար և այլն, առանց պատշաճ կարգով մարդկանց տեղեկացնելու, 2019թ.–ին իրենց փնթի կառավարման հետևանքով այդ ծրագիրը չիրականացվեց»,– ասաց Ավետիսյանը ` շեշտելով, որ հաշմանդամների համար զբաղվածության խնդիրն ամենակարևորներից է, իսկ չեղարկված ծրագիրը վերաբերում էր կոնկրետ քաղաքացիների։

Համեմատության համար Ավետիսյանը նշեց, որ թերակատարվել են ոչ միայն այս, այլև նախորդ` 2018թ.-ի ծրագրերը։ Ընդ որում, եթե այս տարի առայժմ 50 տոկոսով, ապա նախորդ տարի` 75-ով։

«Օրինակ` զբաղվածության ոլորտում պետական ծրագրերի կատարողականը 2018թ.-ին եղել է 25%, այսինքն` պետական բյուջեում այդ ծրագրերի համար դրված չնչին գումարը` 250 000 գործազուրկի համար ընդամենը 1.7 մլրդ դրամ, միայն 25 տոկոսով է ծախսվել։ Այսինքն` այդ ծրագրերը չեն կատարվել, շուրջ 200 000 մարդ չի ստացել օրենքով իրեն հասանելի աջակցությունը»,– ասաց Ավետիսյանը։

Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում

Ավետիսյանը շեշտեց, որ Հայաստանը սահմանադրորեն սոցիալական երկիր է, ու նա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մեղադրեց Սահմանադրության պահանջն անտեսելու համար։

«Քանի դեռ Սահմանադրությունն էլ չեն փոխել, պարտավոր են իրականացնել զբաղվածության, բազմազավակ ընտանիքներին աջակցության ծրագրեր»,– ասաց տնտեսագետը։

Ոչ թե 0, այլ 46 000. մասնագետը չի հավատում արտագաղթի դադարի մասին ԿԲ հայտարարությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատեցին` սոցիալական ծրագրերի թերակատարում, իսկապես, կա։

Պաշտոնական տվյալներով` 2019 թ.–ի 9 ամիսներին զբաղվածության ծրագրերը կատարվել են 70%–ով, այն դեպքում, երբ 2018 թ.–ի նույն ժամանակահատվածում կատարողականը կազմել էր 32 %, իսկ տարեվերջին՝ 68.6 %:

Ծրագրերի թերակատարումները, նախարարության տրամադրած մեկնաբանության համաձայն, հետևանք են սոցիալական ծրագրերում կատարված ու կատարվող փոփոխությունների։

«Ներկայումս հաստատման փուլում է ծրագրերի իրականացման ընթացակարգերը փոփոխելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով բարելավվում է դրանց իրականացման կարգը: Կատարվող փոփոխությունները միանշանակ կնպաստեն ծրագրերի արդյունքների բարելավմանը»,– հայտնում են նախարարությունից:

Մակարյան. «Գործազրկության 2.5 տոկոս նվազման համար եղել են իրական հնարավորություններ»

Ինչ վերաբերում է կոնկրետ զբաղվածության ծրագրերին, ապա 2019թ.–ի նոյեմբերի 12-ի դրությամբ Զբաղվածության կարգավորման 2019 թ.-ի ծրագրում պաշտոնական տվյալներով ընդգրկված է 5207 մարդ, թեև ակնկալվող թիվը 9172 է։

Նախարարության հավաստմամբ` 2018 թ.–ի սոցիալական ծրագրերի 31.4 %-ով թերակատարումը ևս պայմանավորված է եղել ծրագրերի ընթացակարգերի փոփոխություններով։

Ընդ որում, այդ փոփոխությունը մեկնարկել է դեռ «թավշյա հեղափոխությունից» առաջ` 2017 թվականին, ինչով էլ սոցապ նախարարությունում բացատրում են 2018թ.-ին արձանագրված թերակատարման աննախադեպ ցուցանիշը:

Աշխատաշուկայում իրավիճակ է փոխվել. գործատուները պատժո՞ւմ են աշխատանք փնտրող տեղացիներին

Իսկ մինչ այդ փոփոխությունները` 2016թ.-ին զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը, պաշտոնական տվյալներով ,նույնիսկ գերակատարվել են։ Նախատեսված 11 233-ի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 13 006 գործազուրկ: