Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը Sputnik Արմենիայի «Օրացույց Արման Վանեսքեհյանի հետ» հաղորդման շրջանակում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին, հնչած որոշ հայտարարություններին, ինչպես նաև արցախյան խնդրի կարգավորման իրողություններին:
Sputnik

Արմեն Դուլյանի դիտարկմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ հայտարարություններն իրականում ոչ մի արդյունք չեն տալիս և ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման գործում ոչինչ չեն փոխում: Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովի հայտարարություններում հաճելին այն էր, որ նա նույնպես փաստեց, որ խնդրի վերջնական լուծումը չի կարող լինել առանց արցախցիների մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու: Իսկ մյուս, ոչ այնքան հաճելի պահն այն էր, որ հայտարարվեց, թե Հայաստանի մեղքով է Լեռնային Ղարաբաղը դուրս մնացել բանակցությունների ձևաչափից:

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում

«Ընդհուպ մինչև 1998 թվականը Մինսկի խմբի համանախագահներն իրենց առաջարկներն ուղարկում էին նաև Ստեփանակերտ, որպեսզի այնտեղից ստանային համապատասխան կարծիքներ:  Դրանից հետո միայն առաջարկներն ուղարկվում էին Երևան, որովհետև Ռոբերտ Քոչարյանն Արցախից էր, հետևաբար, ընթացող բանակցություններում պաշտպանում էր նաև Արցախի շահերն, և այդ մասին նշել է ինչպես Քոչարյանը, այնպես էլ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հիշեցնում է քաղաքական մեկնաբանը:

Արմեն Դուլյանն անդրադառնում է նաև Մինսկի խմբի գործունեությանը՝ նշելով, որ դա հանձնաժողովի պես մի բան է, որը կոչված է կոնկրետ հարց լուծելու և ոչ մի ուրիշ գործառույթ չունի:

Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ հավաքական մոտեցում»

Արմեն Դուլյանի դիտարկմամբ, եթե նորից պատերազմ սկսվի, ապա այն չի նմանվի 1990-ականների առաջին կեսին տեղի ունեցած պատերազմին: Այն կլինի բարդ, իսկ հետևանքները կլինեն անկանխատեսելի: