Տուրիզմի զարգացման մասնագետ Գևորգ Բաբայանն այս տարվանից սկսել է Երևանում անցկացնել սյուրռեալիստական տուրեր, որոնց ընթացքում մարդիկ բացահայտում են Երևանի թաքնված, միստիկ, յուրատիպ կողմը։ Օրինակ` տուրի հատվածներից մեկում մասնակիցները «խիստ խորը ռաբիս» երաժշտություն միացրած «դորջարներով»` «Նիվա» մակնիշի մեքենաներով, գնում են դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ` պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձն ունկնդրելու։
Բաբայանի կարծիքով` Երևանն իր փոքրության պատճառով հաճախ ձանձրալի է թվում, որից կարողանում են դարմանել հաճախակի ճամփորդությունները և ակտիվ կենսակերպը։ «Եթե տուրիստը երեքից ավելի օր մնա Երևանում, ստիպված է լինելու այցելել նույն ռեստորանը, փաբը, զվարճանքի վայրը։ Երևանն ունի շատ դանդաղ տեմպ, այս քաղաքում ոչ մեկը չի շտապում քայլել, չի շտապում իր խնդիրները լուծել»,– Sputnik Արմենիայի եթերում պատմում է նա։
Ըստ Բաբայանի` Հայաստանում դեռևս գերիշխում են դասական` եկեղեցիներով շրջելու տուրերը, բայց իրավիճակը հետզհետե փոփոխվում է. «Որոշ մասնագետներ, ճամփորդելով այլ երկրներ, այնտեղի փորձը բերում են Հայաստան` հետաքրքիր էլեմենտներ են ավելացնում իրենց տուրերին։ Իմ կարծիքով` միջազգային խոշոր ավիաընկերությունների մուտքը Հայաստան նախևառաջ կնպաստի, որ մեր երիտասարդները այլ մշակույթ, կենցաղ և սովորություններ տեսնեն և դրանցով ներշնչված փոփոխեն կարծրացած ոլորտները»։
Գևորգ Բաբայանը նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է։ Կուսակցությունը մասնակցեց հետհեղափոխական Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն չհաղթահարեց անցողիկ շեմը։ Բաբայանի կարծիքով` հեղափոխությունը հենց նրա համար է, որ թարմ գաղափարներ թափանցեն հանրության մեջ, անգամ եթե դրանք միանգամից չեն հասկացվում։