Մոսկվայում սպանված Բոլյանի դեմ ևս 2 մահափորձ է եղել. ինչ կապ ուներ նա Թևոսիկի ու Իսոյի հետ

Երկու օր առաջ Մոսկվայում սպանված ՌԴ քաղաքացի Աշոտ Բոլյանը 5 տարի առաջ որպես վկա է հանդես եկել հայաստանյան քրեական աշխարհի ամենաաղմկոտ սպանություններից մեկի գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում սպանված մարզիկ Աշոտ Բոլյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանության համար դատապարտված Իսրայել Սարգսյանի` Իսոյի հետ։ Բոլյանը 2015թ.–ի հունվարին հարցաքննվել է Կայարանցի Թևոսիկի` Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով։

Դատական տեղեկատվական datalex համակարգում հրապարակված դատական գործի նյութերով հաստատվում է այն փաստը, որ Բոլյանն այդ սպանության հետ որոշակի առնչություն, այնուամենայնիվ, ունեցել է։

Դատարանում որպես վկա հանդես եկող Բոլյանը 2014թ.–ին հայտնել է, որ Իսրայել Սարգսյանին ճանաչել է 2008 թվականից, և որ նա իր որդու քավորն է։

Բոլյանն այդ ժամանակ մեկ այլ հետաքրքիր բացահայտում էլ է արել։ Նա հայտնել է, որ Մոսկվայում իր նկատմամբ 2 անգամ մահափորձ են արել ու փորձել դրանց սլաքներն ուղղել Թևոսիկի վրա, բայց ինքը վստահ է, որ դա սուտ է։

Արթուր Սաֆարյանի սպանության օրը Բոլյանը գտնվել է ՌԴ-ում, թեև հրավիրված էր Հայաստան` հարսանիքի: Նա դատարանում հայտնել է, որ չի մեկնել, քանի որ դուստրն այդ օրերին հիվանդանոցում է եղել։

Բիզնեսմեններից պարտքե՞րն էր ստանում. նոր մանրամասներ Աշոտ Բոլյանի սպանությունից

Դատական գործում նաև նշվում է, որ Բոլյանը Մոսկվայում բնակվում է 2002 թվականից, իսկ 2004–ից ՌԴ քաղաքացի է։

Հայաստանի «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության պետ Իսրայել Սարգսյանի հետ ծանոթացել է 2008թ–ին, ապա նրա միջոցով`վերջինի ընկերների, այդ թվում` Կայարանցի Թևոսիկի ու նրա եղբոր` Արթուրի հետ։ Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի է ունեցել տղայի կնունքը, որի քավորը եղել է Իսոն։

«Սպանողը պրոֆեսիոնալ է եղել». մանրամասներ և տեսանյութ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանությունից

Աշոտ Բոլյանը դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում հայտնել է, որ աշխատելով ՌԴ հետախուզական մարմիններում, ընկերական հարաբերությունների մեջ գտնվելով գործով անցնող հիմնական անձանց հետ, սպանությունից հետո հաճախակի զանգահարել է նրանց, զրուցել այդ թեմայով։ Իր մասնագիտական իմացությամբ փորձել է գուշակել սպանության հեղինակին, քանի որ հանցագործի պարզված չլինելը վտանգավոր էր, և նույնը կարող էր կատարվել սպանվածի ընկերների, այդ թվում`իր հետ։

Գործի նյութերով` Սաֆարյանի սպանությունը տեղի է ունեցել 1.200.000 եվրո գումարի վերադարձման պահանջի`  «վազվռատի» հետ կապված։ Սպանվածի եղբայրը պատմել է, որ ինքը պահանջել է վերադարձնել պարտքը, որի պատճառով էլ իր եղբորը սպանել են։

«Տուժողի եղբոր տված տեղեկության շուրջ պատշաճ ստուգումներ նախաքննության ընթացքում չեն իրականացվել, չի պարզվել, թե դա ինչ գումար է, ինչ գործարքի հետևանք։ Նման խոշոր գործարքն անհնար էր գաղտնի պահել, դա բացահայտվող հանգամանք է, ինչի շուրջ վեճը կարող էր հանգեցնել ծանր հետևանքների։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն սպանության դրդապատճառը, այլև արարքի սուբյեկտիվ կողմի ոչ մի այլ հատկանիշ գործով չի պարզվել։ Մեղադրանքում միայն նշվել է` «ստացել է պատվեր», և օրենքի պահանջը համարվել է կատարված: Չի նշվել, թե ով է պատվիրողը, ինչ դրդապատճառով կամ նպատակով է պատվիրել և այլն»,– ասված է Վերաքննիչ  դատարանի վճռի մեկնաբանություններում։

Հայտնի է` ինչու է Աշոտ Բոլյանը կազմակերպել Մասիվցի Անդիկի սպանությունը. «Ժողովուրդ»

Այդուամենայնիվ, Իսրայել Սարգսյանին առաջադրված ու դատարանի վճռով հաստատված մեղադրանքի համաձայն, նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել Մովսես Ներսիսյանին ու դիակը թաքցրել Քանաքեռ–Զեյթունի տարածքում գտնվող կոյուղու դիտահորում:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները 2014թ.–ին օրեր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում տվյալ տարածքում, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին ու որոշ ժամանակ անց դադարեցվեցին։

Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին

Դատարանը` դիակի բացակայության պայմաններում, Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչեց Մովսես Ներսիսյանի սպանության համար` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։ Հետագայում Վերաքննիչ դատարանը պատժաչափը նվազեցրեց` սահմանելով 19 տարի։

Նոյեմբերի 14-ին Մոսկվայում իր մեքենայի կողքին սպանված թայբոքսինգի հայազգի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանի սպանությունը հայաստանյան լրատվամիջոցները կապում են 5 տարի առաջ կատարված այս սպանության հետ։

Sputnik Արմենիան այդ հարցով մեկնաբանություն ստանալու համար դիմել է Քննչական կոմիտե, բայց առայժմ պատասխան չի ստացել։

Բացի այդ, Բոլյանի սպանությունը կապվում է նաև 2019թ.–ի հուլիսի 2-ին Երևանում սպանված Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության հետ։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Աշոտ Բոլյանն այս գործով կարգավիճակ չուներ։