ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը։
Հիշեցնենք` հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում լրագրողը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։
Սոլովյովի խոսքով` տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է և սպասում է ԱՄՆ–ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն։
«Եվ ահա, թվում էր` վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և զուտ քաղաքականություն», – հավելել է Սոլովյովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ ևս։
Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի մասին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդավարն այս թեմայով խոսել է Իսրայելի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Նա չի հասկանում, թե ինչպես իր ժողովուրդը (հաղորդավարը հրեական արմատներ ունի` խմբ.), անցնելով այդքան սարսափների և աղետի միջով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերելով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը
«Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ», – ասել է լրագրողը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց (405 կողմ, 11 դեմ): Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Նմանատիպ բանաձև Սենատում ներկայացրեց նաև դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Բայց բանաձևը չընդունվեց, որովհետև Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։