«Ուզո՞ւմ եք մնալ գողական պանյատների մեջ». ԱԺ նախագահը` պատգամավորին սպառնացողների մասին

Սպառնալիքների լեզվով պատգամավորների հետ խոսելով քրեական ենթամշակույթը կանխելու օրինագիծը խոչընդոտել չի հաջողվի։ Արարատ Միրզոյանը դիմել է իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ եղել են։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` հաստատելով այդ մասին նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում։ Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղյակ պահել ենք  իրավապահներին։ Վարչապետն անհրաժեշտ համարեց բարձրաձայնել այս մասին ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից։ Եթե վարչապետն անհրաժեշտ համարեց, ես վստահ եմ, որ դրա կարիքը կար»,– ասաց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանը ձեռնպահ մնաց ենթադրությունների մակարդակով հնարավոր մեղավորների մասին խոսելուց` նշելով, որ չգիտի որևէ անձի անուն–ազգանուն, որ կանգնած է այդ սպառնալիքների հետևում։ Փոխարենը քաղաքական հայտարարություն արեց. «Որևէ մեկը չի կարող երևակայել, թե կարող է սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որ մեր քաղաքական ուժը մտադիր է անել»։

«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը

ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ այս հարցում ամենամեծ կարգավորումը պետք է անի հանրությունը` հասարակական պարսավանքի միջոցով։

«Մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում կառուցել։ Ուզո՞ւմ ենք մնալ այդ գողական պանյատների, անհեթեթ խոսակցությունների մեջ, թե՞ պետք է կտրուկ մերժենք այս դիսկուսը և բոլորին ցույց տանք, որ մեզ այդ դաշտ պետք չէ ներքաշել»,– ասաց Միրզոյանը։

«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից բավական կոշտ էր արձագանքել քրեական ենթամշակույթի քարոզչությանը` նշելով, որ միջնորդավորված ձևով սպառնալիքներ են եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող օրինագծի հարակից զեկուցողի հասցեին:

Փաշինյանը խոստացել էր «պառկցնել ասֆալտին», «տալ պատերով», ապա ակնարկել հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանելու մասին:

Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրիի նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նույն օրը լրագրողներին ասել էր, որ «օրենքով գողերը» խելոք մարդիկ են, և ինքը դեմ է այդ նախագծին:

Նշենք նաև, որ հիշյալ օրինագծի հարակից զեկուցողը ծննդով գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։