Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև Արմեն Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը։

«Լավ բաներ չեմ ասելու». Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

«Սահմանադրական դատարանում Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ։ Վարդևանյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2019թ․հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու»

Ըստ պաշտպան Վարդևանյանի՝ դատավոր Դանիելյանն այս որոշումները կայացրել է նյութական ու դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, խախտվել է ՄԻԵԴ Կոնվենցիայով ամրագրված մարդու արդար դատաքննության իրավունքը։ Քոչարյանի պաշտպանի խոսքով` նիստը նախագահող դատավորը պարբերաբար թույլ չի տվել պաշտպանական կողմին ներկայացնել իր դիրքորոշումը, զրկել է իրենց խոսքի իրավունքից, ինչն աննախադեպ է դատական պրակտիկայում, հատկապես, կալանքի հարցի քննության շրջանակներում։

Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև դատավոր Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: