ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն պատրաստ է հանդիպել ԵՊՀ–ի` գործադուլ հայտարարած դասախոսների հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նախարարի խոսնակ Անժելա Կժդրյանը։
Հայտնել էինք, որ այսօր ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները նախազգուշական դասադուլ էին հայտարարել։ Այդպիսով, նրանք միանում են ուսանողների` բուհերում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման պահանջին։ Դասախոսները հայտնել էին նաև, որ ակնկալում են հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
«Թամրազյանը պատրաստ է ընդունել դասախոսներին, զրուցել նրանց հետ։ Արայիկ Հարությունյանը երկրում չէ»,–ասաց Կժդրյանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե փոխնախարարի հետ հանդիպում նախատեսվո՞ւմ է` Կժդրյանը պատասխանեց, որ դասախոսները դեռևս չեն արձագանքել փոխնախարարի հետ հանդիպման առաջակին։
ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ են, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանում չէ և կսպասեն նրա վերադարձին ու նրա հետ հանդիպմանը։
«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի
«Մենք տեղյակ ենք, որ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, և նրա պաշտոնական այցը խանգարելու որևէ նպատակ չունենք։ Չենք ասում, որ նախարարը հենց հիմա պետք է մեզ ընդունի, ուզում ենք, որ մեր ձայնը նա լսի։ Դասախոսները չեն շտապում, նախարարը կգա, կհանդիպենք»,–ասաց նա։
Սրապիոնյանը հայտնեց, որ ձևավորվել է կազմկոմիտե, որը լիազորված են նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների հետագա ճակատագիրը։ Նրա խոսքով` դասախոսները դեմ են նախարարության ներկայացրած նախագծին։
«Նախարարին պետք է հայտնենք, որ վերոհիշյալ առարկաների` ոչ պարտադիր դասավանդումը կարող է լուրջ հետևանք ունենալ հայագիտության վրա»,–ասաց նա։
Դասախոսը հիշեցրեց, որ իրենց` նախարարի հետ հանդիպման պահանջն ու զրույցը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում, և դասախոսներին հետաքրքրում է բացառապես այդ առարկաների ճակատագիրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի դեմ, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։
Նոյեմբերի 7–ին ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները շարունակվում են։