Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ և զբոսայգի են կառուցում

Ասորական և հայկական գերեզմանոցների վրա կառուցվող զբոսայգու և հարսանյաց սրահի բացումը կկայանա առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի Մարդինի Դարգեչիթ գավառում ասորական և հայկական գերեզմանոցի վրա թուրքական իշխանությունները 1 միլիոն 270 թուրքական լիրայով զբոսայգի և հարսանյաց սրահ են կառուցում։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը` վկայակոչելով Mezopotamya լրատվական գործակալության հրապարակումը։

Սիրիայում 2 հայի են սպանել. տեսանյութ

«Նորակառույց տարածքում տեղակայված են լինելու խաղասրահ, մարզասրահ և հարսանյաց սրահ։ Այդ ամենի կառուցումն արդեն սկսվել է»,–գրում է կայքը։

Տեղացիներին այս տարվա մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նման խոստում էր տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն։ Գերեզմանոցների վրա կառուցվող զբոսայգու և հարսանյաց սրահի բացումը կկայանա առաջիկա օրերին։

Այնուամենայնիվ, տեղի որոշ բնակիչներ ընդդիմացել են այդ նախագծին՝ մասնավորապես շեշտելով, որ այդ տարածքում են գտնվել ասորական և հայկական գերեզմանոցներ։ Նրանք հայտնել են, որ այգու և հարսանյաց սրահի կառուցումը դադարեցնելու խնդրանքով բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, սակայն վերջիններս անտեսել են նրանց դիմումները։

Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

Տեղի բնակիչներից ասորի Աբդյուլմեսիհ Էրգյունը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սեփական ձեռքերով փակել է մի երեխայի պատկանող գերեզմանը, որի վրա խաչ է նկատել։

«Այստեղ ասորիներ և հայեր են ապրել։ Սա քրիստոնեական գերեզմանոց էր։ Գերեզմանները կրոն, լեզու և ազգություն չունեն։ Այս վայրերում տարբեր հավատքներ ունեցած մարդիկ են ապրել։ Գերեզմանոցի վրա զվարճատեղիի և զբոսայգու կառուցումը բարոյական չէ և չի համապատասխանում խղճի թելադրանքին»,–ասել է Էրգյունը։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում` Բարեպատում և Կալավանում գտնվող ադրբեջանական գերեզմանատներին։ Համայնքներից յուրաքանչյուրում 20–ից ավելի գերեզմանոցներից որևէ մեկը տեղի հայերը չեն վնասել։

Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ և զբոսայգի են կառուցում