«Մեր բարեկամության հիմքերը շատ ուժեղ են». Մնացականյանը` Լավրովի հայաստանյան այցի մասին

Կողմերը մանրամասն քննարկումներ են անցկացրել և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարել ռուս գործընկերոջ ՝ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը: Նա համապատասխան գրառում է արել Թվիթերում:

«Շատ ուրախ եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի արդյունավետ այցի համար: Մանրամասն քննարկումներ և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Մենք շարունակում ենք դինամիկ աշխատել մեր փոխգործակցության և համագործակցության ամրապնդման համար: Մեր բարեկամության հիմքերը շատ ուժեղ են», - գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել նոյեմբերի 10-ին։ Երեկ երեկոյան նա Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը, որտեղ  հանդես եկավ ելույթով և կարևորեց հայ ժողովրդի անգնահատելի դերը ֆաշիզմի դեմ պայքարի և հաղթանակի գործում։

Նոյեմբերի 11-ին Լավրովը հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քննարկման առանցքային թեմաներն էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին և ԱՊՀ-ին առնչվող հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարության հանդիպեց նաև Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների հետ: Դիվանագետն ուսանողների հետ խոսեց Սիրիայում տիրող իրավիճակի, Եվրամիության Արևելյան գործընկերության, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին։

Լավրովը հայաստանյան այցի ընթացքում հասցրեց նաև փոքր-ինչ հանգստանալ. նա  հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ այցելեց երևանյան գողտրիկ սրճարաններից մեկը: