«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, և «Մել» ֆիլմի ֆինանսավորման նախագծերը «համբերության վերջին կաթիլն էին», որոնք պատճառ դարձան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Չնայած, մինչ այդ էլ Հարությունյանի վարած քաղաքականությունը տապալված էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի ԿԳ նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում ( ընդհատումներով շուրջ 11 տարի, վերջին պաշտոնավորումը` 2016-18թթ.) չեն բարձրաձայնել կրթության ոլորտի խնդիրների մասին, Վարդանյանը նշեց, որ իրենք մշտապես բարձրաձայնել են այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնման կարիք է եղել։ Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը թեև հայտարարել էր, որ պատրաստվում է նյութեր հրապարակել Մկրտչյանի գործունեության տարիներին տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, սակայն այդպես էլ ոչինչ չհրապարակեց։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության առջև
«Արայիկ Հարությունյանը ինքը Լևոն Մկրտչյանի քաղաքականության շարունակողն է, բայց ոչ միայն դա չի ընդունում, այլև վստահեցնում է, որ դուրս կբերի չարաշահումներ` Լևոն Մկրտչյանի գործունեության վերաբերյալ։ Ի դեպ, հայտարարությունից անցել է ութ օր, և ոչ մի հրապարակում Արայիկ Հարությունյանից դեռ չի եղել»,- ասաց նա։
Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ նաև «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի ու «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը, որը ՀՅԴ-ն անընդունելի է համարում։
«ԿԳՄՍ–ն որպես պետական կառույց պետք է հստակ ձևակերպի իր առաջնահերթությունները և առաջ տանի հայաստանցիների մեծամասնության արժեքները, ոչ թե ինչ–որ մի անհատի։ Արայիկ Հարությունյանը, հավանաբար, կարող է լավ նախարար լինել ինչ–որ եվրոպական երկրում, բայց Հայաստանում նրա վարած քաղաքականությունը հանրության լայն զանգվածների տրամադրությունը չի ամփոփում»,- նշեց Վարդանյանը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն անժամկետ նստացույց են սկսել
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի բովանդակությանը, երիտմիության հետագա քայլերին, Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականից հետո հաջորդ նախարարի ընտրություններին։
Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար 20 միլիոն դրամ է հատկացրել:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան մեկնարկել է նոյեմբերի 7–ի առավոտից, ապա վերածվել նստացույց` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։
Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։