ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Սիրիայի Կամիշլիում տեղի ունեցավ Սիրիայի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի հետ հրաժեշտի արարողությունը։ Նրան գնդակահարել էին «Իսլամական պետություն» կազմակերպության (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկիչները։
Համացանցում հայտնվել են հրաժեշտի արարողության լուսանկարներն ու տեսանյութերը։ Twitter–ի օգտատերերը ցավակցում են ու գրում, որ կրոնը չպետք է սպանության պատճառ դառնա։
Համացանցի օգտատերերը հրապարակել են նաև մի տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է մարդկանց բազմությունը հրաժեշտ տալիս հովվապետին ռազմերթի ու զանգերի ղողանջների ներքո։ Վրդովված օգտատերերը մեկնաբանություններ են գրում ու դատապարտում են ահաբեկիչների գործողությունները. «Թող Աստված օգնի հավատք գտնել», «ինչպե՞ս կարելի է այդքան վայրենի լինել», «գազաններ են, այլ կերպ չես ասի», «Աստված լուսավորի հովվապետի ոգին»։
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:
ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է Դեր Զորում կատարված ահաբեկչությունը