Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է հայոց լեզվի դասավանդման շուրջ բարձրացած աղմուկին` արդյո՞ք բուհերում այն պետք է պարտադիր ուսումնասիրել, թե ոչ։
Sputnik

Մի կողմ թողնենք կենդանի հայերենը, հիշենք մեռած լատիներենը։ Հեղինակին լատիներեն են սովորեցրել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, և ի՞նչ է ստացվել։ Վերջնականապես համոզվելով քննվողից ինչ–որ ըմբռնելի բան լսելու անհնարինության մեջ` Եվգենյա Սերգեևնան ասաց. «Հիշեք լատիներեն թեկուզ մեկ ասացվածք, և Աստված ձեզ հետ։ Դե, թեկուզ մեկը, կարո՞ղ եք»։ «Իհարկե», – ուրախությամբ արձագանքեցի ես և բացականչեցի` «Ռիա թազա»` նկատի ունենալով «Tabula rasa»։

Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

Առաջինը քրդերենից թարգմանաբար նշանակում է «նոր ուղի», այդպես է կոչվել մինչև 2006թ–ը Հայաստանում ազգային փոքրամասնության համար լույս տեսնող թերթը, իսկ Tabula rasa թևավոր արտահայտությունը բացատրում է, որ մարդը ծնվում է առանց բնածին կամ մտավոր բովանդակության, այսինքն` մաքուր։ Մնացածը հետո։

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե մեր բուհերի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայոց լեզվի դասավանդումը դադարի պարտադիր լինել։ Իհարկե, հայերենին չի սպառնում լատիներենի աննախանձելի ճակատագիրը, բայց շատերը կսկսեն ավելի վատ խոսել մայրենի լեզվով։ Արդեն վատ են խոսում։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

Ուշադրություն դարձրեք հեռուստատեսային հեռարձակողների խոսքին, լսեք փողոցային հռետորներին, անցեք թերթերով և համացանցով. լեզուն հաճախ անփույթ է, պոչատ և դժգույն։ Մյուս կողմից, երբեմն չհիմնավորված պաթետիկ է, ոչ տեղին պաճուճազարդ` չափազանց ծանրաբեռնված։

«Այսօր զգալիորեն նվազում է առանց սխալների գրելու արժեքը։ Ճիշտ այնպես, ինչպես նախկինում նվազել է լավ ձեռագրի արժեքը։ Սակայն ամեն ինչ չէ, որ հասանելի է համակարգչային ծրագրերին։ Նախկինի նման կարևոր է սեփական մտքերը և զգացմունքներն արտահայտելու, կարդացածը, լսածն իմաստավորելու կարողությունը», – վերջերս ասել է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին` ելույթ ունենալով ռուսական բանահյուսության հանրության համագումարում։

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

Ի՞նչ կլինի օրակարգում, եթե նման միջոցառում ընթանար մեզ մոտ։ Օրինակ` հայոց լեզու և գրականություն դասավանդելու սուր հարցեր, այդ գործընթացում համաշխարհային տեխնոլոգիաների դերը, բնակչության ընդհանուր գրագիտության խնդիրը և մայրենի լեզուն որպես ոչ մայրենի դասավանդելու ասպեկտները։ Փորձագետները կարող էին ուշադրություն դարձնել ժամանակակից մանկավարժի պրոֆեսիոնալ դիմանկարին, զբաղվել ժամանակակից երիտասարդության ընթերցողական մշակույթ ձևավորելու, կրթության բոլոր աստիճանների հոգեբանամանկավարժական խնդիրներով։ Եվ սա դեռ ամենը չէ։

Հայոց լեզուն հայտնվել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների տասնյակում

Մեծ և հզոր ռուսաց լեզուն ռուսների համար է, իսկ ոսկեղենիկ հայերենը` հայերի։ Այնուամենայնիվ, լեզուն ոչ միայն բանաստեղծություն գրելու համար է, այլ նաև առօրյա կյանքում օգտագործելու, ներառյալ դատավարությունները։

Ճիշտ է, հայկական դատարանների վիճելի որոշումները բացատրվում են ոչ միայն նրանով, որ դատավորների բանասիրությունը, երբեմն, կաղում է, բայց անվիճելի է, որ պետք է կարգավորել լեզվի նորմերը։

Հարցն այնքան կարևոր է, որ, անդրադառնալով դրան, Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկել է պատրաստել միասնական բառարաններ և քերականություն, «որոնք պարտադիր կլինեն բոլոր պետական մարմինների, ներառյալ` դատարանների, դպրոցների և ԶԼՄ–ների օգտագործման համար»։

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն` մարդ, որին հայոց լեզուն Կիևից հասցրել է Երևան, մի առիթով ասել է.

«Հայերի հանդիպելիս փորձում էի խոսել նրանց մայրենի լեզվով։ Եվ նույնիսկ Սերգեյ Փարաջանովը, որը սովորաբար բոլորի հետ ռուսերեն էր խոսում, միայն ինձ հետ էր խոսում Թբիլիսիի հայերենով։ Հավանաբար` ի նշան հարգանքի»։

Նա մտերիմ է եղել հայ մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի հետ, որը գրել է.

Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:

Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:

Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:

Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դրավոր:

Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:

Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...

Բանաստեղծությունը կոչվում է «Խոսք իմ որդուն», որը գրվել է 1944թ–ին։ Արժե վերընթերցել և հիշել այն։