Փաշինյանը գովեց Գորիսի քաղաքապետին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիք է մեկնել։ Նա շրջել է մարզկենտրոն Գորիսում, ծանոթացել կատարվող աշխատանքներին, խոսել կառավարության ծրագրերից։ Գորիսի քաղաքապետը Փաշինյանին հայտնեց, որ Գորիսում շինարարները ստանում են ՀՀ–ում ամենաբարձր աշխատավարձը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գորիսում է։ Նա  ծանոթացավ ներդրումային ծրագրերին և քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Արմեն Սարգսյանը մեկնել է Սյունիք. լուսանկարներ

Գորիսի քաղաքապետի գործը փակվել է. «Ժողովուրդ»

Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն էլ վարչապետին ներկայացրեց քաղաքում իրականացվող ծրագրերը։

Ըստ Առուշանյանի` այժմ շինարարության ոլորտում կադրերի լուրջ պակաս կա:  Շինարարներն ամսական ստանում են առնվազն 170 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ Երևանում աշխատուժը մի փոքր ավելի էժան է:

«Ես անձամբ զանգահարում եմ  Ռուսաստանում գտնվող մեր շինարարներին և առաջարկում եմ վերադառնալ ու այստեղ աշխատել»,-ասաց քաղաքապետը:

Առուշանյանը նաև հավելեց, որ այժմ Գորիսում կա ներդրումային բում, քանի որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ցանկանում են հյուրանոցներ կառուցել: Դրանից բացի տարածաշրջանում աճել է սուբվենցիոն ծրագրերի ծավալը: Քաղաքապետն ասաց, որ 2018 թվականին Սյունիքի մարզում 10 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, որոնց ծավալը կազմել է 450 միլոն դրամ, իսկ այս տարի ներկայացվել է 29 ծրագրային հայտ, որից հաստատվել է 26-ը, և ծավալը կազմել է  3 մլրդ 750 միլիոն դրամ, որը Առուշանյանի խոսքով` 8 անգամ բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Նրանք սպասում էին այդ օրվան, կամ անկախությունը` սյունիքցիների աչքերով. լուսանկարներ

Շրջայցի ընթացքում Փաշինյանը զրուցեց շինարարների հետ, որոնցից մեկն ասաց, որ իր աշխատավարձը 250 հազար դրամ է: Սա ոգեշնչեց վարչապետին. նա նկատեց, որ քաղաքապետն այդ թվից շատ ավելի ցածր  աշխատավարձ է նշել, այսինքն չի չափազանցնում թվերը: Ըստ վարչապետի` դա գովելի է: