«Սա թուր չէ, սուր է». ինչպես Լավրովն ուղղեց էքսկուրսավարին. տեսանյութ

«Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին։ Նախարարները ծանոթացել են ներկայացված ավելի քան 60 ցուցանմուշներին։
Sputnik

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում բացեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը։

«Հայ ժողովուրդն իրավամբ հպարտանում է իր հերոսներով, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման ընդհանուր գործում», - ասաց Լավրովը։

Պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրելն անընդունելի է. Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հնարավոր չէ մոռանալ ճշմարիտ պատմությունն ու անտեսել ժողովուրդների միասնությունը, որի շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել ֆաշիզմն ու մաքրել աշխարհն այդ ժանտախտից։

«Պապս էլ է մասնակցել պատերազմին, ու ես մեծացել եմ հերոսության, հայրենասիրության ու մարդասիրության մասին հուշերով», - ընդգծեց նա։

Ցուցանմուշները դիտելու ժամանակ, երբ էքսկուրսավարը ներկայացրեց զինվորական համազգեստ և նշեց, որ այն իր մեջ նաև թուր է ներառել, Ռուսաստանի արտգործնախարարն ուղղեց նրան` ասելով. «Սա թուր չէ, սուր է»։ Բոլորը ժպտացին։

Նախարարները ծանոթացան ավելի քան 60 ցուցանմուշներին։ Առանձնահատուկ ուշագրավ էր այն պատկերը, որի վրա պատկերված էր հայ զինվորների քոչարին Ռեյխստագի պատերի տակ։

«Հայ ժողովուրդն անգնահատելի դեր ունի ֆաշիզմի ջախջախման գործում». Սերգեյ Լավրով

Հետո դիվանագետներն անցան արխիվային ցուցանմուշներին։ ՌԴ արտգործնախարարին հետաքրքրեց միջին տարիքի տղամարդու լուսանկարը։ Մնացականյանը ներկայացրեց նրան՝ Միսակ Մանուշյան։

«Նա ֆրանսահայ հակաֆաշիստ է», - ասաց ՀՀ արտգործնախարարը ։

Նշենք՝ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու նոյեմբերի 10-11-ին։ Այցի շրջանակում նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ։