«Աշխատանքը «գլխառադ» է արված». Փաշինյանը Եղեգնաձորում վրդովվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքով և ծանոթացավ այնտեղ կատարված ու կատարվելիք աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին ու բարի» ժամանակների նման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում վրդովվեց: Քայլելով փողոցներից մեկով, որը, ըստ Եղեգնաձորի քաղաքապետ ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանի, այս տարի էր վերանորոգվել` Փաշինյանը չկարողացավ զսպել բարկությունը։

Փաշինյանը Վայքում է. նա կարգադրեց կառավարությունից ֆինանսավորել 10 աշակերտի

«Չեմ հասկանում` այս ասֆալտը վերջնակա՞ն արված է, թե՞ արված չէ, ինչի՞ են աշխատանքները դադարեցված, եթե չեն վերջացրել: Ես այստեղ տեխնիկա չեմ տեսնում: Գլխառադ են արել»,-բարկացավ Փաշինյանը:

Ըստ վարչապետի` ճանապարհի վիճակն անմխիթար է, և կառավարությունը չէր կարող նման անորակ աշխատանքը հովանավորել: Նա հրահանգեց պարզել, թե այդ ինչ պատմություն է: Եթե դա սուբվենցիոն ծրագիր է, ապա ինչպես են նրանք այդ նախագծին հավանություն տվել:

«Առաջին հայացքից էլ երևում է, որ այստեղ «նեչիստը»» ,-ասաց վարչապետը և, իմանալով, որ ծրագիրն արժեցել է 10 միլիոն դրամ, զարմացավ:

Փաշինյանը շարունակեց ճանապարհը և հանդիպեց տեղի բնակիչներին: Նրանցից մեկն անձամբ մոտեցավ վարչապետին և տեղեկացրեց, որ Նորավանք թաղամասից է, 26 տարի է ինչ թաղամասը հանձնել են շահագործման, սակայն կոյուղի չկա: Փաշինյանը խոստացավ խնդրին լուծում տալ: Վարչապետին նաև բարկացրեց «բարեկարգված » բակերից մեկը:

Փաշինյանը գովեց Գորիսի քաղաքապետին. տեսանյութ

«Եվ դուք սա համարում եք բարեկարգված: Տաղավարն անգամ ներկված չէ: Ես պատկերացնում եմ, որ բարեկարգված բակում պետք է իրենց մասնակցությունն ունենան նաև սեփականատերերը, օրինակ` ներկեն իրենց ավտոտնակների դարպասները»,-ասաց Փաշինյանը:

Եղեգնաձորի լուսավորության խնդիրը ևս բարկացրեց վարչապետին։ Նա նկատեց, որ ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի. «Քաղաքապետն ասում է՝ դժվար մասն արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով ինչ նկատի ուներ:(»,–fecebook–յան իր էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ մինչ այս վարչապետը շրջել էր նաև Սյունիքի Գորիս և Վայոց Ձորի Վայք քաղաքներում` ծանոթանալով կատարված աշխատանքներին: