Սերգեյ Լավրովի այցն առնչվում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններիին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկմանը՝ կապված Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածության աստիճանի ու դիրքորոշումների ընկալման հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։
«Խոսքը ոչ այնքան երկկողմ հարաբերությունների մասին է, որքան այն խնդիրների, որոնք ունեն տարածաշրջանային, ավելի լայն, միջազգային բնույթ»,- նշեց նա:
Երկկողմ գործակցության ոլորտում առկա որոշ անհանգստությունները, որոնց մասին հիշատակում են ռուսական լրատվամիջոցներն ու փորձագիտական շրջանակները, Մարգարովի կարծիքով, պետք է դիտարկել տարբեր մակարդակներում: ՌԴ նախագահի և վարչապետի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի կապերը շարունակում են զարգանալ ռազմավարական ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա հետաքրքրություններն ու համագործակցությունը:
«Ռուս գործընկերները Հայաստանից հեռացան սիրահարված». Ալեն Սիմոնյան
«Փորձագիտական շրջանակները տարբեր են: Կան այնպիսիք, որոնք նշում են, թե կողմերը շարունակում են համագործակցել, կան և այնպիսիք, որոնք պնդում են, թե կա անհանգստություն, ավելին՝ կան դժգոհություններ, թե ինչպես են զարգանում երկկողմ հարաբերությունները: Եթե անդրադառնում ենք հարցին, թե ով ինչ է ասում, ապա գործ ունենք երկու էլեմենտի հետ, մեկը փաստերն են, մյուսը՝ դիտողությունները»,-ասաց Մարգարովը։
Քաղաքագետ հավելեց, որ դիտողությունների հետ կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել, իսկ փաստերը ցույց են տալիս, որ հանդիպումների քանակն ու բովանդակությունն ավելի շատ հուսադրող է, քան հիսաթափեցնող:
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Լավրովի այցը, նախևառաջ, կապված է տարածաշրջանային կայունության ու կոնֆլիկտների կարգավորման հետ: Ընդ որում՝ դիրքորոշումները սկզբունքորեն շարունակում են նույնը մնալ: ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ուստի ձգտում է Հարավային Կովկասում հասնել տևական կայունության: ՌԴ-ի` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, առաքելությունն այն է, որպեսզի օգնի Հայաստանին ու Ադրբեջանին հասնել մի ձևաչափի, որի շրջանակում կարելի է հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման:
Հիշեցնենք` Լավրովը նոյեմբերի 10-11–ին Հայաստան կգա պաշտոնական այցով։