Որքանո՞վ են վաճառում Գյումրու ավտոմաքսատան հերթերը. «Ժողովուրդ»

Տեղի գյումրեցիները նախօրոք գնում են ավտոմաքսատան մոտ, իրենց մեքենայով հերթում կանգնում, հետո այդ տեղը վաճառում 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ժամկետների մեջ տեղավորվում են. Գյումրու ավտոմաքսատունը հոկտեմբերից կաշխատի

Աղբյուրը նշում է, որ արդեն տևական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում ավտոներկրողներից՝ մաքսատան մոտ գոյացած հերթերի վերաբերյալ: Ավելին, պարզվում է՝ տեղացիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և եթե ինչ-որ մեկն ուզում է, իրենց պահած տեղը վաճառում են:

«Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»,- գրում է թերթը։

Պարբերականը գրում է, որ մեքենա ներկրողների տեղեկություններով՝ քաղաքային իշխանություններն արդեն սկսել են զբաղվել նրանց հայտնաբերելով։

Քիչ մնաց. Հայաստան ներկրվող բոլոր մեքենաները կանցնեն Գյումրու «թրի տակով»

Նշենք, որ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Ներկայում ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում։

Գյումրու մաքսատան շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ; Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:

Փաշինյանը կրկին Գյումրիում է. ինչպես են ընթանում ավտոմաքսատան շինաշխատանքները. տեսանյութ

Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չեն հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացել էր, որ մաքսատան շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 11-ին, սակայն հոկտեմբերի 16–ին լրագրողների հետ զրույցում խոստովանեց, ժամկետն ինքն էր սահմանել` առանց հաշվի առնելու շինարարական աշխատանքների ծավալը։ Անանյանը խոստացավ, որ նոյեմբերին արդեն Գյումրու մաքսատունը կշահագործվի։