«Պետք չէ մեզ խղճալ». ի՞նչ են ուզում ջահելությունն ու ուժը «Նաիրիտին» նվիրած մասնագետները

Կառավարությունը նախկինի պես «Նաիրիտից» պահանջում է  վճարել պարտքերը, սակայն ոչ մի կերպ չի փորձում վերագործարկել այդ խոշորագույն ձեռնարկությունը։ Նախկին աշխատակիցները` բարձր որակավորում ունեցող ու հազվադեպ մասնագետները, ավելորդ են դարձել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց ու պահանջում էին չվաճառել ձեռնարկությունը, որը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական հանգուցներից է։

Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

«Ինչպե՞ս, նորից են եկե՞լ։ Այս անգա՞մ ինչ են ուզում»,–զարմացած ասաց էներգետիկայի նախկին նախարարներից մեկը, երբ տեսավ, որ «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներն ակցիա են անցկացնում։

Աշխատավարձերի մնացորդները կարծես թե վճարել են, ու հիմա գործարանը վերջապես կարելի է «սղոցել»։ Պարզվեց` ոչ։ Չեն կարողացել ջնջել այս մարդկանց հիշողությունը մի կտոր հացով։ Նրանք էլ, արդեն հայտնի չէ` որերորդ անգամ` հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ 

Ինստիտուտի փոխարեն հյուրանոց. ո՞վ կհարստանա «Նաիրիտ 2»–ի վաճառքից

Գործարանի նախկին աշխատակիցների պահանջները ոչ թե վերացական են, այլ կոնկրետ։ Եթե պետությունը չի կարողանում ներդրողներ գտնել, ապա թող գոնե դադարի վաճառել ձեռնարկության ունեցվածքը։ Եթե գործարանը պարտք է պետությանը, ավելի լավ է սպասել, որ ձեռնարկությունը սկսի գործել ու ինքնուրույն փակել պարտքերը, այլ ոչ թե վաճառել այն, միայն թե գումարը շուտ վերադարձնեն։ Հակառակ դեպքում` չի լինի ո՛չ գործարան, ո՛չ արտադրանք, ո՛չ էլ գումար։

Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան

«Գիտե՞ք` որքան ժամանակ  է հարկավոր արտադրության նրբություններն իսկապես սովորելու համար։ Քանի՞ տարեկան եք։ Երեսուներե՞ք։ Ես այդ գործարանում քառասուն տարուց ավել եմ աշխատել»,– ասաց մեզ Ֆելիքս Մարկոսյանը։

Նա Պոլիտեխնիկի քիմիայի ֆակուլտետի ուսանող է եղել, երբ 60–ականների վերջին գործարան է եկել։ Քացախաթթվի արտադրամասում նա ճանապարհ է անցել մինչև արտադրության ու արտադրամասի պետ։

«Բայց... ասենք` գործարանն աշխատեց։ Դուք, միևնույնն է, այլևս այնտեղ չեք աշխատելու, չէ՞»,– հարցնում ենք մենք։

«Մի՞թե այդ գործարանը միայն ինձ համար են կառուցել։ Թե՞ մեզ մոտ էլ ոչ ոք աշխատանքի կարիք չունի», – պատասխանում է նա։

«Պետք չէ, ընկեր Մարկոսյան, պետք չէ... Մենք, Ձեզ հետ միասին, հիմա պետք չենք։ Իսկ թե ով է պետք ու ինչ է պետք` մեր խելքի բանը չէ»,–պատասխանում է նախկին աշխատակից Գևորգ Դոլմազյանը։

Նա գործարան է ընդունվել որպես քացախաթթվի արտադրամասի բանվոր։ Հետո ավարտել է Պոլիտեխնիկն ու սառցարանային սարքերի ինժեներ–մեխանիկ դարձել։

«2016 թվականին ինձ կրճատեցին։ Այստեղ–այնտեղ աշխատանք էի փնտրում։ Հրուշակեղենի ֆաբրիկա կա։ Կոմպրեսորների մասնագետ եմ, իսկ նրանց կարիքը ցանկացած արտադրությունում կա։ Ասացին` «Հիանալի է, մեզ մասնագետ է հարկավոր, այն էլ` փորձառու, ու հարցնում են` «Կներեք, քանի՞ տարեկան եք»։ Ասում եմ` «Հիսունյոթ»։ Տխուր դեմք ընդունեցին ու ասում են` «Ափսոս... Երկու տարի ուշացել եք»։ Որտեղի՞ց եմ ուշացել, ինչի՞ց եմ ուշացել` չպարզաբանեցին»,– ասում է Դոլմազյանը։

«Ճիշտ ես ասում,–ասում է նրան բանվոր Նորիկ Ղահրամանյանը,–Ծեր մարդուն հաց ուտել պետք չէ։ Ես կաուչուկի վնասակար արտադրամասում այնքան աշխատել եմ, իսկ թոշակս 27 հազար դրամ են գրել։ Կառավարությունում ու խորհրդարանում իրենց են աշխատավարձեր ու պարգևավճարներ գրում, ինչպես Բրեժնևն էր ինքն իրեն շքանշաններով պարգևատրում։ Իսկ մեզ համա՞ր ով պետք է գրի, կասե՞ք»։

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

Կանանցից ոմանք սկսել են հավաքարար աշխատել, ոմանք էլ կարի ֆաբրիկա են գնացել։ Նախկինում մեկը ապարատավար էր, մյուսը` առաջատար տեխնոլոգ։ Սեդա Մատինյանը կաուչուկի նմուշների փորձարկման լաբորատորիայի վարիչ էր։ Նա մի քանի տարի կենսաբանության ու քիմիայի ուսուցիչ է աշխատել, հետո որոշել գործարան մտնել։ Նա երեսունվեց տարի այստեղ է աշխատել։ 

«Այստեղ դեռ բոլորը չեն հավաքվել։ Ոմանք լավից–վատից գործի են տեղավորվել։ Մնացել ենք մենք` թոշակառուներս, մենք էլ գալիս ենք... Պետք չէ խղճալ մեզ։ Պարզապես պետք չէ մտածել, թե  արդյունաբերությունը Հայաստանում վերացել է, որ մենք վերացել ենք»,–ասում է նա։

Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։

Կառավարությունը ընկերությունից գործարանի ոչ բավարար կառավարման մասին պարզաբանում երբեք չի պահանջել։ Միջպետական բանկի վարկը չի մարվել, ու գործարանը սնանկ է հայտարարվել։ Դրանից հետո ԱՊՀ Միջպետական բանկը գործարանը վերադարձրել է Հայաստանի կառավարությանը։ Ներդրող չգտնելով՝ կառավարությունը որոշել է սնանկության կրկնակի գործընթաց սկսել։