ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այդ մասին այսօրվա` նոյեմբերի 8–ի ճեպազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-11–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Երևան»,–ասել է Զախարովան։
Նրա խոսքով` այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Նա հավելել է նաև, որ ռուս նախարարը ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։
Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին
Զախարովայի խոսքով` հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։