ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը բողոքարկվել է:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Առաջին ատյանի դատարանն առանց որևէ անհրաժեշտ հիմքի անձին կալանքի է վերցրել»,-ասաց Վարոսյանը` հավելելով, որ դա ակնհայտ ապօրինի որոշում է:
Փաստաբանի խոսքով` Վերաքննիչ դատարանում դիմումը մուտք է եղել, սակայն որևէ դատավորի այն դեռ չի մակագրվել։ «Ենթադրում եմ՝ առաջին ատյանի վարույթին էին սպասում: Փաստաթղթերը պետք է հասնեն Վերաքննիչ դատարան, որպեսզի բողոքը մակագրվի»,–հավելեց նա:
Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։
Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները
Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: