Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը ՀՖՖ–ում չի քննարկվել. Արսեն Թորոսյան

ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ Վանեցյանը խախտել է ՀՖՖ ընթացակարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի մարզչի նշանակմամբ խախտել է ֆեդերացիայի կանոնադրությունը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արդեն Թորոսյանը։

«Գլխավոր մարզչի նշանակումը ֆեդերացիայի ամենակարևոր հարցերից մեկն է, ինչը գործող կանոնադրությամբ վերապահված է գործկոմին։ Այսինքն` պետք է լիներ առաջադրում, քննարկում, քվեարկություն, նշանակում։ Բայց այդ ամենը տեղի չի ունեցել։ Խախտվել է ընթացակարգ, որը չպիտի խախտվեր»,– ասաց Թորոսյանը։

Այս հիմքով ՀՖՖ նախագահի հնարավոր հրաժարականի մասին հարցին Թորոսյանը չպատասխանեց` խոստանալով նման գործընթացի դեպքում տեղեկացնել հանրությանը։

Արդեն հաստատ է` Խաշմանյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը

Այդուհանդերձ, նախարարը չբացառեց, որ նման դեպքերի համար ՀՖՖ կանոնադրությունը պատասխանատվության միջոց է նախատեսում ՀՖՖ նախագահի համար, բայց թե ինչ միջոց, տեղյակ չէ։ Այդ մասին ևս Թորոսյանը խոստացավ հայտնել համապատասխան գործընթաց սկսելու դեպքում։

Հիշեցնենք` ՀՖՖ–ն երեկ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին։

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Այս նշանակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը Facebook-ում գրեց, որ Վանեցյանը խախտել է ՀՖՖ կանոնադրությունը, երբ գլխավոր մարզիչ է նշանակել` առանց գործկոմի հետ քննարկումների: Նրա խոսքով` այդ նշանակումն իրավական ուժ չունի։

Առաքելյանի հայտարարությունը տարածել էին ՀՖՖ գործկոմի այլ անդամները ևս, այդ թվում` ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նախարար Արսեն Թորոսյանը։

Արթուր Վանեցյանին ձերբակալելո՞ւ են. պատասխանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը