Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարձր` գործընկերային, բարեկամական դիրքերում են, ուստի կողմերը պետք է նաև անվտանգության ոլորտում ինտենսիվորեն համագործակցեն ու ամեն կերպ փորձեն ջանքեր գործադրել, որպեսզի այսօր և հետագայում կարողանան խուսափել որևէ վտանգից ու խնդրից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալիկ Էրոյանցը։
Դիտարկելով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ Էրոյանցը նշեց, որ այդ եռանկյունին մեզանից ավելի առաջ է անցել, և Վրաստանն անվտանգության ոլորտում սերտորեն համագործակցում է նշված երկու հարևանների հետ, ինչը կարող է որոշ առումով Հայաստանի համար անհանգստացնող լինել։
Թեև Վրաստանի նախաձեռնած համագործակցությունն ավելի շատ առնչվում է ենթակառուցվածքների զարգացմանը. պարզապես Վրաստանը տնտեսական առումով կախված է այդ երկրներից և ժամանակ առ ժամանակ ուղղակի շարժվում է այդ ուղղությամբ:
Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից
«Մեզ մնում է միայն ավելի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ և կապերը դարձնել ավելի ինտենսիվ: Այդ առումով շատ եմ կարևորում Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը, որովհետև Վրաստանի համար Հայաստանը նույնպես ունի կարևոր նշանակություն»,- նշեց վրացագետը:
Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին
Այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանն ամեն կերպ ձգտում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, ըստ վրացագետի՝ չի կարող լուրջ խոչընդոտ լինել: Ամեն ինչ փոփոխական է ներկայիս աշխարհում: Նույնիսկ նույն դաշինքի մեջ գտնվող ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեծ լարվածություն կա: Թեև Վրաստանն ու Հայաստանն այս հարցում որդեգրել են տարբեր ուղղություններ, սակայն անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ կողմերը պետք է սերտորեն համագործակցեն, քանի որ դրանից է կախված նաև տնտեսական անվտանգությունը:
Էրոյանցի համոզմամբ՝ համատեղ ջանքերի գնով միայն կարելի է պահպանել տարածաշրջանային հավաքական անվտանգությունը: