ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Մոսկովյան հայտնի «Լիտֆոնդ» աճուրդի տունը վաճառքի է հանել ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի վարորդական իրավունքն ու խախտումների կտրոնը։
Աճուրդի հայտարարության մեջ նշված է, որ փաստաթղթերը լամինացված են, գերազանց պահպանված։
«Բնական է, որ վարորդական իրավունքի վկայականի տերը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ուներ,– ասված է հայտարարության մեջ,– մոտոցիկլետ, մարդատար, բեռնատար, ավտոբուս. Լեոնիդ Իլյիչը կարող էր վարել ամեն ինչ»։
Ինչ վերաբերում է խախտումների կտրոնին, դրա վրա ոչ մի դակում չկա, ինչը նշանակում է, որ Բրեժնևը որևէ խախտման համար նախազգուշացում չի ստացել։
Փաստաթղթերի տրամադրման ժամկետը նշված է 10 դեկտեմբերի 1976 թվական։ Դրանից 9 օր հետո լրացել է Բրեժնևի 70-ամյակը։
Փաստաթուղթը վաճառքի ներկայացրած քաղաքացին հայտնել է, որ վարորդական իրավունքը յուրօրինակ կատակ–նվեր է Լեոնիդ Իլյիչին` 70–ամյակի առիթով, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչոլոկովի կողմից։
«Փաստաթղթերը պահվել են Բրեժնևի առանձնատանը։ 1991թ–ին, երբ Մոսկվայի քաղաքապետ դարձավ Գավրիիլ Պոպովը, առանձնատունը փոխանցվեց նրան։ Բրեժնևի անձնական իրերն ու փաստաթղթերը հանվեցին վաճառքի»,– նշված է աճուրդի տան կայքում։
Աճուրդային առաջարկների համար վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։
Բրեժնևի վարորդական փաստաթղթերի մեկնարկային արժեք է սահմանվել 1 500 000 ռուբլի (մոտ 12 մլն դրամ)։