Հույսը դնելով միայն խոշոր բիզնեսի վրա՝ պետությունը երկար ճանապարհ չի անցնի. Բեջանյան

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, որոնք առնչվում են խոշոր հարկատուների գործունեությանը: 
Sputnik

Հայաստանում խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում մանր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին: Ավելին՝ փոքր բիզնեսի մշակույթը մեզանում գնալով պարզապես վերանում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը։ 

«Բիզնես համակարգում այսպես ասած օդի թույլատրելի չափաբաժինը, բնականաբար, կարգավորում է պետությունը: Հույսը դնելով միայն խոշոր բիզնեսի վրա՝ պետությունը երկար ճանապարհ չի անցնի»,-նշում է Հայկ Բեջանյանը: 

Տնտեսագետը կարծում է, որ պետությունն իրականացնելով խիստ վարչարարություն՝ խոշոր ընկերություններից հավաքագրում է գումարները, սակայն միաժամանակ զսպում է պետական ներդրումները: Այս հակադրությունը երկկողմանի տուգանում է տնտեսական աճը՝ մի կողմից խանգարելով ներդրողին, մյուս կողմից չմասնակցելով զարգացման գործընթացին՝ որպես պետություն: Այս խնդրից խուսափելու համար չափազանց կարևոր է պետության վերաբաշխիչ ֆունկցիան: 

Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Անդրադառնալով նախկինում եղած տնտեսական միտումներին՝ Հայկ Բեջանյանը նշում է, որ անցյալը պետք է հետաքրքրի միայն ավելի լավ ապագա կառուցելու համար, իսկ այդ լավ ապագայի համար պետք է պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնել, հստակ գնահատել և հասկանալ տնտեսության զարգացումները և դրա հիման վրա մշակել այնպիսի քաղաքականություն, որն անկման վեկտորը կշրջի դեպի զարգացում:

Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա ինն ամիսներին հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջե վճարել են 13.5 տոկոսով ավել գումար։