Թուրքերը Սիրիայում ձերբակալել են ահաբեկիչ ալ Բաղդադիի քրոջը. ԶԼՄ

Թուրք զինվորականներն ահաբեկչի քրոջը ձերբակալելու գործողությունն իրականացրել են իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական Ազազ քաղաքում (Հալեպի շրջան)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Թուրքերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քրոջը։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով Թուրքիայում ունեցած աղբյուրներին և հիշեցնելով, որ ավելի վաղ չեզոքացվել էր նաև Ալ Բաղդադին։

Ինչպես են վերացրել «Իսլամական պետության» առաջնորդին. տեսանյութ

Նշվում է, որ թուրքերը գործողությունն իրականացրել են երեկ երեկոյան Ազազ քաղաքում (Հալեպի շրջան), որը գտնվում է Թուրքիայի հսկողության տակ։

65 տարեկան Ռասմիա Ավադից (Rasmiya Awad) բացի, ձերբակալվել է նրա ամբողջ ընտանիքը` ամուսինը, հարսն ու հինգ երեխաները։ Ամուսնուն ու հարսին արդեն հարցաքննել են։

Աղբյուրի համաձայն` կնոջը կասկածում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։

«Մենք հույս ունենք, որ ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություն կստանանք կազմակերպության ներքին աշխատանքի մասին», – ասել է անանուն աղբյուրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան զինվորականները չեզոքացրել են Բաղդադիին։

Ռուսաստանի ՊՆ-ն վստահ չէ, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին իսկապես ոչնչացվել է

Ավելի վաղ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը բացահայտել էր գործողության մանրամասները՝ հաղորդելով, որ երբ ամերիկյան զորքերը մոտեցել են Բաղդադիի տանը, սիրիական Իդլիբի Բարիշա գյուղում սկսվել է փոխհրաձգություն, որը կարճ է տևել։ Մարտի ընթացքում Բաղդադին և նրա երկու կանայք իբր պայթեցրել են իրենց` մահապարտների գոտիների օգնությամբ։