ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում գործող «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է, կուտակվել է աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի ու երեխաների սննդի մեծ պարտք։ Գնումներն այս պահին շարունակվում են ապառիկ:
«Մենք արդեն մատակարարող կառույցներից զգուշացում ենք ստանում, որ կուտակվում են մեծ պարտքեր և այլևս անհնար է ապառիկ սնունդ ու այլ ապրանքեր տրամադրել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը։
Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ
Մանկատան տնօրենը չգիտի` ինչպես է լուծելու երեխաների սննդի հարցը, եթե մատակարար ընկերությունը հրաժարվի հացն ապառիկով տալ։
«Սա միայն իմ հոգսը չպետք է լինի: Խնդիրը նաև պետությանն է, ու պետությունը համաֆինասավորմամբ գուցե ձեռք մեկնի, մինչև այս խնդիրը կկարգավորվի: Միշտ պնդում են, թե պետական չենք։ Այո՛, պետական չենք, բայց երեխաներն ո՞ւմն են, այստեղ նաև երեխաների, ապա նաև աշխատողների խնդիրն է»,–ասաց Սիմոնյանը:
Տնօրենի խոսքով` սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել` առանց հստակ պատճառաբանության: Տիկին Սոնյան կարծում է, որ պետությունն իր վրա պիտի վերցնի այս հոգսը։
«Այսքան երեխային հավաքել մի կառույցում և չօգնել՝ ճիշտ չի: Մենք ունեք գիշերող երեխաներ, որոնք ոչ ոք չունեն, որ իրենց տանեն: Եթե մենք այս պահին էլ դռները փակենք ու բոլորին ուղարկենք, միևնույն է՝ մոտ 40 երեխա կունենանք, որոնց ոչ մի տեղ չենք կարող ուղարկել»,- նշեց Սոնյա Սիմոնյանը:
Հարսանիք՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում
Ֆինանսավորման դադարեցման պատճառով խնդրի առաջ են կանգնել բոլորը, այդ թվում նաև այն բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները, որոնց երեխաները հաստատության սաներ են: Աիդա Գասպարյանը նրանցից մեկն է։ Նա 9 երեխա ունի, բնակվում է վարձով: Սոցիալական պայմաններից դրդված` երեխաներին ուղարկել է «Թռչունյան տուն»: Ասում է՝ շնորհակալ է հաստատությունից. երեխաները կուշտ ու հագնված էին միշտ:
«6 տղա, 3 աղջիկ ունեմ։ Բոլորին ստիպված տվել եմ մանկատուն: Ես միայնակ մայր եմ, ամուսնալուծված, հիմա եթե ստիպված լինեն մանկատունը փակել, ես չգիտեմ` ինչպես եմ 85 հազար դրամ նպաստով երեխաներիս կերակրելու ու տան վարձը տալու, իսկ այստեղ երեխաներս կուշտ են ու ապահով»,-ասում է տիկին Աիդան՝ նշելով, որ ինքն այս պահին աշխատանք էլ չունի:
Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։
2017 թվականից «Թռչունյան տունը» գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց: Մինչ այս կառույցի տարեկան ծախը կազմել է 72 մլն դրամ:
Ի դեպ, «Թռչունյան տուն» մանկատան տարածքն անհատույց տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, այժմ էլ, մանկատան տնօրենի խոսքով, սպասում են Մայր Աթոռի աջակցությանը` նոր դոնոր գտնելու գործում: