Աղմուկ հանած «Հուզանք ու զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 մլն դրամ դրամաշնորհ

Նախարարությունից հայտնում են, որ այս բեմադրության առիթով իրենց վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «Հուզանք ու զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Երևանի կենտրոնում տապալել են ներկայացումը. «զելյոնկա» լցնողին տարել են բաժին

«2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ հետ կնքված պայմանագրում»,–ասված է հայտարարության մեջ։

Նախարարության հավաստմամբ` սույն դրամաշնորհը կազմում է ՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը:

«Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր»,–ասված է հայտարարության մեջ:

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում  ներկայացվել էր գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել է ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։