Ընդհանրապես կիսապատերազմող երկրում խաղաղության մասին խոսելը բավական վտանգավոր է: Ուղիղ 22 տարի առաջ՝ նոյեմբերի սկզբներին, երևի հիշում եք, հրապարակվեց Հայաստանի առաջին նախագահի հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն»: Անցավ ընդամենը մի քանի ամիս, և նա արդեն նախագահ չէր:
«27 տարի շարունակ ես զինվորական եմ եղել: Ես կռվել եմ այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության հնարավորություն չկար: Հիմա կա խաղաղության հնարավորություն, այն էլ մեծ հնարավորություն: Եվ մենք պետք է օգտվենք դրանից հանուն նրանց, ովքեր կանգնած են այստեղ, և հանուն նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն»:
Սա Ռաբինի վերջին ելույթն էր, կես ժամ էլ չանցած նա սպանվեց հայրենակցի ձեռքով:
Ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո բազմաթիվ վարկածներ են շրջանառվում կատարվածի մասին, Իսրայելում էլ մինչև հիմա շատերը պնդում են՝ 24-ամյա Իգալ Ամիրը, որը երեք գնդակ արձակեց վարչապետի ուղղությամբ, բոլորովին էլ միայնակ չէր:
Ինչ կլիներ, եթե Ռաբինը չսպանվեր։
Այն օրվանից, երբ սպանվեց Իցհակ Ռաբինը անցել է գրեթե 25 տարի: Շատ բան է փոխվել։ Ոչ Հայաստանում, ոչ էլ Իսրայելում չկա այլևս առաջվա հստակ տարանջատումը՝ աղավնիների և բազեների, չկան հստակ ընդգծված խաղաղության և պատերազմի կուսակցություններ, չկան բուռն վիճաբանություններ այս թեմայով՝ երևի այն պատճառով, որ այդ թեման շոշափելու լուրջ առիթներ չկան:
«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»։
Դե ինչ՝ մնում է հուսալ, որ նման բան ի վերջո կլինի։