Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Իրավապաշտպանը կարծում է, որ կոնվենցիան ոչ մի սպառնալիք չի պարունակում ավանդական արժեքների դեմ, բայց այդ թեման դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ ընդդիմության հաղթաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ստամբուլյան կոնվենցիայի թեման տարբեր խմբերի քաղաքական պայքարի գործիքն է դարձել Հայաստանի իշխանության դեմ։ Տվյալ դեպքում կարևոր չէ՝ սպառնում է կոնվենցիան ավանդական արժեքներին, թե ոչ։ Այս կարծիքն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հայաստանը միացել է Ստամբուլյան կոնվենցիային (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա») 2018թ.-ի հունվարին։ Այն ժամանակ այս հարցն այդքան մեծ աղմուկ չի բարձրացրել։ Բայց հիմա, երբ դրվել է վավերացման հարցը, կոնվենցիային դեմ են հանդես գալիս տարբեր հասարակական շերտեր և քաղաքացիական ակտիվիստներ։ Նրանք կարծում են, որ կոնվենցիան սպառնալիքի տակ կդնի ավանդական, ընտանեկան արժեքները։

«Իրականում փաստաթուղթը չի պարունակում այն սպառնալիքները, որոնց մասին խոսում են կոնվենցիայի հակառակորդները։ Ես չգիտեմ, թե նրանք ինչից են վախենում, բայց կոնվենցիան, ի տարբերություն շատերի, կարդացել եմ ու ավանդական արժանիքներին սպառնացող ոչինչ չեմ տեսել», - նշեց Իշխանյանը։

Փաշինյանի զիջումները կարող են «գունավորի» վերածել «թավշյա հեղափոխությունը»

Անցած շաբաթ խորհրդարանում տեղի են ունեցել կոնվենցիայի վերաբերյալ քննարկումներ, բանավեճին մասնակցել են Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները։ Դրան զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ ընթացել է բողոքի ակցիա` փաստաթղթի վավերացման դեմ։

Հակոբյան. «Ստամբուլյան կոնվենցիան, ի տարբերություն Ամուլսարի, ավելի մեծ կրքեր կբորբոքի»

Միաժամանակ պետք է նշել, որ որպեսզի փաստաթուղթը պաշտոնապես դրվի շրջանառության մեջ, սկզբից կառավարությունը պետք է հաստատի այն, այնուհետև Սահմանադրական դատարանը պետք է դիտարկի մայր օրենքի հետ փաստաթղթի համապատասխանության հարցը, և միայն դրանից հետո այն կարող է վավերացվել խորհրդարանի կողմից։ Ավելի վաղ արդարադատության նախարարությունում նշել են, որ կոնվենցիան կարող է վավերացվել մյուս տարվա գարնանը։

Իշխանյանի կարծիքով՝ վաղ թե ուշ իշխանությունները պետք է վավերացնեն կոնվենցիան, չէ որ Հայաստանը ստորագրել է այն։

«Բայց նույնիսկ եթե կոնվենցիան ինչ-որ վտանգավոր դրույթներ պարունակեր, ապա ամեն դեպքում անհանգստանալու առիթ չկա։ Կոնվենցիան կդառնա հերթական փաստաթուղթը, որը չի գործի մեր երկրում։ Հայաստանում շատ օրենքներ կան թղթի վրա, որոնք ուղղակի չեն կիրառվում։ Ստամբուլյան կոնվենցիան կլինի դրանցից մեկը։ Բայց դա ոչ մեկին հետաքրքիր չէ, մարդիկ ձգտում են հարցը քաղաքական պայքարի գործիք դարձնել իշխանության դեմ», - համոզված է Իշխանյանը։

Նրա կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի թեման չի փակվի, այն դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ ընդդիմության հաղթաթուղթը։ Փաստաթղթի վավերացումը կախված է նրանից, թե որքան ամուր կլինեն իշխանության դիրքերը։

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

Ավետիք Իշխանյանը դժվարացավ ասել, թե ինչ-որ ճնշում գործադրում է արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը փաստաթուղթը վավերացնելու նպատակով։ Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, որոշակի պայմանավորվածություններ կան։

Ստամբուլի կոնվենցիա (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Հիշեցնենք` Կանանց ու ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: