ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Շիրակի մարզի լեռնային և նախալեռնային գոտիներում այսօր առաջին ձյունն է տեղացել: Տեղումներ են արձանագրվել հիմնականում Աշոցքի և Անիի տարածաշրջաններում, Արթիկում, Մարալիկում: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «ձնապատ» լուսանկարներ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Լուսանկարներից մեկում Աշոցք համայնքն է։
Մյուս լուսանկարում Մարալիկի` ձնով պատված եղևնիներն են։
Սարալանջ գյուղում էլ այնքան ձյուն է եկել, որ երեխան հսկա ձնագունդ է սարքել։
Հաշվի առնելով Գագիկ Սուրենյանի` այսօր սպասվող ձյան տեղումների մասին կանխատեսումները, շիրակցիները կատակում են. «Սուրենյանը ճիշտ էր, մենք` սխալ»: Եթե բնակիչներից շատերը, չհետևելով Սուրենյանի խորհրդին, չէին հասցրել փոխել իրենց ձմեռային անվադողերը, Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները հետևել են կանխատեսմանը և արդեն ողջ թափով պատրաստ են իրականացնել ճանապարհների սպասարկումը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Շիրակի մարզպետարանքի քաղաքաշինության վարչության, ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝ վարորդներին խորհուրդ տալով փոխել անվադողերը:
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում
Նշենք, որ Սուրենյանը երեկ նաև մի լուսանկար էր հրապարակել` հիշեցնելով, թե 2016 թվականի այդ օրն ինչպիսի եղանակ է եղել Երևանում։