Կենդանաբանական այգու նախկին տնօրենը խոստանում է մնալ այգու կողքին

Ռուբեն Խաչատրյանը լրագրողներին հայտնել է, որ այգու վերաբերյալ որոշ ծրագրեր քննարկելու համար հանդիպելու է Երևանի քաղաքապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Այլ բան է, երբ հրաժարական է պահանջում մարդկանց մի խումբ, որն անհասկանալի դրդումներ ունի` ինչ–որ բիզնեսներ, անձնական շահեր։ Ուրիշ բան է, երբ առաջարկվում է քաղաքապետարանից, այս դեպքում` փոխքաղաքապետի, ով կարծում է, որ ընդհանուր շահերից ելնելով` դա ճիշտ քաղաքականություն է»,– ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ վստահում է քաղաքային իշխանությանը և երկուշաբթի օրը հանդիպելու է քաղաքապետի հետ` այգու վերաբերյալ որոշ ծրագրեր քննարկելու համար։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատման դիմում է գրել

«Ես կարծում եմ, որ քաղաքապետարանն ունի այգու հետ կապված ստրատեգիա։ Ես միշտ լինելու են այգու կողքին, օգնելու եմ այգուն, օժանդակելու եմ։ Կան ծրագրեր արդեն մշակված` թե՛ քաղաքապետի հետ, և թե՛ միջազգային գործընկերների»,– ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է թափառող շների հետ կապված դեպքերին, Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ պատշաճ պահպանությունը թանկ հաճույք է, որը կենդանաբանական այգու ներկա բյուջեն թույլ չի տալիս իրականացնել։

Հերթական դեպքը կենդանաբանական այգում. շների ոհմակը հիմա էլ 3 մուֆլոն է կերել

Խաչատրյանը վերահաստատեց երեկ հնչեցրած իր այն միտքը, որ այգու կենդանիների նկատմամբ կատարված բոլոր նոր ու հին դեպքերը մարդկային միջամտության հետևանք են։ Բայց դրանց վերաբերյալ քրեական գործի քննությունը դեռ ավարտված չէ։

Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են

«Իմ դեմ կա 15 կետից բաղկացած մեղադրանքների ցուցակ, որը հիմա գտնվում է քննության մեջ, չի ավարտվել, և ավարտից հետո այդ մարդիկ, ովքեր ստորագրել են դրա տակ, իրենց արժանի պատիժը կկրեն` օրենքի սահմաններում»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ին կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու 3 կենգուրու են հոշոտել, իսկ նոյեմբերի 1-ին շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն է կերել։ Նույն օրը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Facebook-ում հայտնել է իր լիազորությունները դադարեցնելու մասին։