ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Շտապօգնության բժիշկների աշխատավարձը չի բարձրանա։ Այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով պատգամավորների` շտապօգնության բժիշկների` «հիվանդների ձեռքին նայելու մասին» հարցին։
«Հիմա ավելի քիչ են նայում»,– ասաց նա` նշելով, որ թեև աշխատավարձերը չեն ավելացել, բայց նախարարությունը որոշ հարցեր լուծել է։
«Աշխատանքի պայմանների բարելավում է եղել, ապահովագրություն է տրամադրվել բուժաշխատողներին, շտապ օգնության բրիգադներն ավելացել են, ու դրա հետ կապված աշխատանքային պայմանները լավացել են»,– ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` 15-ական ավտոմեքենա է ավելացվել Երևանում ու մարզերում։ Մարզային փոքր քաղաքներում, որտեղ նախկինում միայն 1 ավտոմեքենա էր աշխատում, այժմ արդեն երկուսն են։
«Այսինքն`հիմա արդեն շատ քիչ են լինում դեպքեր, երբ ասում են` շտապ օգնությունը կանչի մեջ էր, չկարողացանք նորը կանչել»,– ասաց Թորոսյանը։
Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը. Թորոսյան
Նախարարը հիշեցրեց, որ մինչ այդ շտապօգնության ավտոմեքենաները չէին բավարարում անգամ մայրաքաղաքում։
«Մարդիկ հաճախ ստիպված էին լինում 40 րոպեից մինչև 1 ժամ սպասել»,– ասաց նա։
Թորոսյանը հայտնեց, որ նախկինում Երևանում շտապ օգնության 1 բրիգադ 30 000 կանչ էր սպասարկում, հիմա` 20 000։