ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը որոշել է դադարեցնել իր լիազորությունները։ Նա այդ մասին գրել է Facebook-ում։
«Վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու այգում պահվող կենդանիների վրա թափառող շների հարձակումները հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները»,– գրել է Խաչատրյանը։
Նա նաև հույս է հայտնել, որ լիազորությունների դադարեցման արդյունքում կավարտվեն կենդանիների անկումները։
Խաչատրյանը խոստովանել է` հրաժարականի դիմումը գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով։
Երևան բերված վագրերի պատմությունը. Հայաստանը կատարյալ երկիր է էկզոտիկ բուծարանների համար
Նշենք` մինչ այդ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook-ում արդեն հայտնել էր, որ հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները և վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել։
Խաչատրյանն այդ պաշտոնում աշխատեց 8 տարի։ Այդ տարիների ընթացքում մասնագետները պարբերաբար դժգոհում էին նրա աշխատանքից։
Ինչպես էին շունն ու թութակը տնօրենի երևանյան բնակարանում խնամում կորյուններին. տեսանյութ
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 31–ին, հայտնի դարձավ, որ թափառող շները ոչնչացրել են կենդանաբանական այգու 3 կենգուրուի, իսկ այսօր արդեն այգու պաշտոնական կայքում հաղորդագրություն տարածվեց, որ շների ոհմակը 3 մուֆլոն է կերել։