Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու միջնորդությունը սպասելի էր, որովհետև հարուցված քրեական գործի շրջանակում մինչ օրս անցկացված քննությունը իրավաբանների և փաստաբանների մոտ այնպիսի ծիծաղ է առաջացնում, որ անգամ մասնագիտությամբ ոչ իրավաբաններին է ամեն ինչ շատ պարզ և հստակ: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Եթե մեկ բառով ասենք, մենք գործ ունենք իրավունքի և օրինականության ուղղակի վախճանի հետ: Անահիտ Ֆարմանյանը խզել է իր պայմանագիրը գործող փաստաբանների հետ՝ համարելով, որ նրանք անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքի և օրինականության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշում է Ֆարմանյանը:
Անահիտ Ֆարմանյանը շատ արդյունավետ համագործակցել է քննչական մարմինների հետ, մեկ տարից ավել քննչական մարմինները չեն ձեռնարկել որևէ գործողություն: Նա մասնակցել է առերեսումների, որից հետո մեկ տարի որևէ գործողություն չի ձեռնարկվել, որպեսզի հոդաբաշխ բացատրություն տան, թե ինչու որևէ գործողություն չեն ձեռնարկում:
«Եթե առաջադրված մեղադրանքը, ինչպես քննիչներն էին ակնարկում, չեն կարողանում հիմնավորել, ապա ինչու՞ չեն հանում մեղադրանքը: Թեև նման խայտառակությունը աննախադեպ չէ, եղել են օրինակներ, բայցևայնպես այս գործում փաստաբանն ուղղակի անելիք չունի»,- նշում է Ֆարմանյանը:
Հիշեցնենք` Ոստիկանությունն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: